Մատչելիության հղումներ

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրվող ռուս զինծառայողին Հայաստանի ՔՀԿ տեղափոխելու հարցով որոշում դեռ չկա


Ջուլիետա Ղուկասյանի լուսանկարը
Ջուլիետա Ղուկասյանի լուսանկարը

Դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչները Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռազմաբազայից Հայաստանի համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդություն են ներկայացրել:

Թեև միջնորդությունը ներկայացվել է դեկտեմբերի 21-ին, սակայն մինչ օրս դրա վերաբերյալ որոշում չի կայացվել:

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հղում անելով հայ-ռուսական միջպետական պայմանագրին, պարզաբանել էր, թե ինչու է գյումրեցի կնոջ մահվան գործով կասկածվող Անդրեյ Ռազգիլդեևը պահվում ռազմաբազայում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ևս հղում է անում այդ նույն հայ-ռուսական միջպետական պայմանագրին ու պնդում, որ ռուս զինծառայողը չի կարող պահվել ռազմաբազայի տարածքում․ - «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ օգնության վերաբերյալ 1997 թվականի օգոստոսի 25-ին կնքված համաձայնագիրը, որի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և գործում են նրա իրավասու մարմինները»: Այսինքն, ըստ Սաքունցի, «այս համաձայնագրով ամրագրվում է, նախ, որ ռուսական բազան գտնվում է ՀՀ տարածքում, և ռուսական բազայի զբաղեցրած տարածքը ՀՀ տարածքն է, որի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը»:

«Այսինքն՝ հակասությո՞ւն կա հայ ռուսական միջպետական պայմանագրում», - այս հարցին Արթուր Սաքունցը արձագանքեց․ - «Դատախազի մեկնաբանությունները չեն համապատասխանում այդ համաձայնագրին և չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված նորմերին»:

Եթե ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդությունը մերժի վարույթն իրականացնող մարմինը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել:

Արթուր Սաքունցից նաև հետաքրքրվեցինք՝ կարողացե՞լ են պարզել, թե ռուս զինծառայողը առավոտյան ժամը 7-ին Գյումրիում ազատ տեղաշարժի իրավունք ունեցե՞լ է, թե՞՝ ոչ: Պարզվում է՝ Ռազգիլդեևը վարձով է բնակվում Գյումրիում: «Գտնվել է ռուսական ռազմական բազայի տարածքից դուրս, գործողությունը կատարել է ոչ թե ռուսական բազայից դուրս գալուց հետո, այլ ռուսական բազայի տարածքից դուրս գտնված բնակարանից դուրս գալուց հետո», - ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը մահացել է անցած տարվա դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: 23-ամյա ռուս զինծառայողը ձերբակալվել է դեկտեմբերի 10-ին՝ դեպքից 8 օր անց միայն, նրան մեղադրանք է առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG