Գործի նյութերից այդպես էլ չի բացահայտվել, թե ինչու է ռուսական ռազմաբազայի զինծառայողը դաժան ծեծի ենթարկել առավոտյան աշխատանքի շտապող գյումրեցի 57-ամյա կնոջը, «Ազատության» հետ զրույցում ասաց անցած դեկտեմբերին մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
«Բացահայտված չէ, թե ինչու համար է Ռազգիլդեևը հենց Ջուլիետա Ղուկասյանի նկատմամբ բռնություն գործադրել, որն է եղել պատճառը, ինչն է եղել առիթը, որն է դրդապատճառը: Այդ ամեն ինչի մասին չկա որևիցե հիմնավորում: Որովհետև նաև հայտնի չի, թե ինչու հենց Ջուլիետա Ղուկասյանին, որովհետև մինչ այդ ինքը գիշերային ակումբներում է եղել ընկերների հետ և կարող էր նաև հանդիպած ցանկացած այլ քաղաքացու նկատմամբ էլ [բռնություն գործադրել», - ասաց Սաքունցը:
Դիտարկմանը՝ գուցե Ջուլիետա Ղուկասյանն էլ հենց այդ պատահական քաղաքացին էր, իրավապաշտպանն արձագանքեց․ - «Բայց պատճառը՝ ո՞րն է եղել պատճառը, որը դրդել է Ռազգիլդեևին կատարելու նման հրեշավոր հանցագործություն անձի նկատմամբ: Վնասվածքների բնույթը այնպիսին է՝ գանգուղեղի կոտրվածք և այլն, որոնք կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են եղել: Եվ, իհարկե, մենք նաև հարցեր էինք բարձրացրել, թե արդյոք բժշկական օգնությունը ժամանակին և պատշաճ է տրամադրվել, և արդյոք հնարավոր էր փրկել Ջուլիետա Ղուկասյանին․ այս ուղղությամբ նույնպես մեր միջնորդությունները մերժվել են այն հիմքով, որ դրանց ուղղությամբ արդեն նյութերը հիմք են տալիս եզրակացնելու, որ բժշկական օգնությունն էլ է ժամանակին տրամադրվել, և հնարավոր չի եղել Ջուլիետա Ղուկասյանի կյանքը փրկել»:
57-ամյա կնոջ մահվան գործով նախաքննությունն օրերս է ավարտվել։ Հրապարակված մեղադրական եզրակացությունում նշվում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 7-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետևել է փողոցում քայլող Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով մահ:
24-ամյա զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից մինչև 10 տարի ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Թեպետ վաղուց հայտնի է ռուս զինծառայողի անուն-ազգանունը, սակայն մեղադրական եզրակացության մեջ նախաքննությունն իրականացնող մարմինն այդպես էլ ձեռնպահ է մնացել Անդրեյ Ռազգիլդեևի անունը հրապարակելուց:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դեռ չեն ստացել մեղադրական եզրակացությունը:
Անդրեյ Ռազգիլդեևն իրեն մեղավոր ճանաչե՞լ է, թե՞՝ ոչ: «Ոչ, չկա, ինքը, ըստ իրեն, նույնիսկ չի էլ հիշում, որ նման գործողություններ է կատարել», - ասաց Արթուր Սաքունցը, դրական պատասխանելով «Ազատության» հարցին՝ «այսինքն, գործում նշվում է, որ ինքը չի հիշում, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը»:
«Իսկ կա՞ դատաբժշկական փորձաքննություն, որը կարող է ասել, որ մարդը այդ պահին չի հիշում», - այս հարցին էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պատասխանեց․ - «Չէ, դատաբժշկական փորձաքննությունը, դատահոգեբանական փորձաքննությունը, սենց ասենք՝ Ռազգիլդեևը լրիվ գործունակ է, ողջամիտ է և ինքը իր գործողություններին հաշիվ տվել է»:
Գործն արդեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: Հայտնի է նաև, որ գործը քննելու է նորանշանակ դատավոր Ադրիաննա Ղուկասյանը: Հենց վերջինս էլ որոշելու է դատական նիստի օրը, նաև՝ վայրը: Գործը դատարան մուտք գործելուց հետո 15-օրյա ժամկետում է կայացվելու այդ որոշումը:
Նկատի ունենալով, որ կա նախադեպ, երբ մի քանի տարի առաջ գյումրեցի Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի դաժան սպանության գործով մեղադրվող ռուս զինծառայողի դատական նիստերն անցկացվում էին ռազմաբազայի տարածքում, հիմա ևս այդ հարցը օրակարգում է։ Եթե նիստերը բազայի տարածքում անցկացնելու որոշում կայացվի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կբողոքարկեն այն։ «Դատավարական բոլոր միջոցները կկիրառենք՝ թե՛ դատավորի նկատմամբ, ենթադրենք, եթե նա չբավարարի մեր միջնորդությունը՝ նիստերն անցկացնելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում․․․ այսինքն, ընթացքում մեր բոլոր իրավական միջոցները ձեռք ենք առնելու՝ ապահովելու համար: Եթե չապահովի, իհարկե, մենք կարձանագրենք, որ հերթական անգամ, եթե նիստերը անցկացվեն ռուսական բազայի տարածքում, ապա կարձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության դատարանը դեռևս չի ազատագրված ռուսական բազայից», - հայտարարեց Սաքունցը:
Ռուս զինծառայողին ռազմաբազայից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները վիճարկում են դատարանում, երկու ատյանից մերժում են ստացել, հիմա դիմել են Վճռաբեկ, եթե այս ատյանն էլ մերժի, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պաշտպանները դիմել էին նաև օմբուդսմենին, որպեսզի Արման Թաթոյանն այցելի ռազմաբազա ու ստուգի ռուս զինծառայողի պահման պայմանները։
«Ստացել էինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից գրություն, որ դիմել են՝ ապահովելու, բայց՝ իրենց ներկայացուցիչների այցելությունը Ռազգիլդեևի հետ ծանոթանալու, ուսումնասիրելու նրա պահման պայմանները, և արդյոք համապատասխանում էին քրեակատարողական հիմնարկի, կալանավորված անձի պահման պայմաններին», - ասաց Արթուր Սաքունցը՝ շարունակելով․ - «Որովհետև կա նաև մեր մոտ, իհարկե, հստակ, հիմնավոր կասկած, որ Ռազգիլդեևը, գտնվելով ռուսական բազայի տարածքում, կունենա հարաբերություններ կամ առնչություններ գործով անցնող այլ վկաների հետ, նաև ռուսական բազայի հրամանատարության հետ, որոնք շահագրգռված են այս գործի ելքով, շահագրգռված են, որ իրենց զինծառայողը ի վերջո կամ մեղմ պատիժ ստանա, կամ, ենթադրենք, խուսափի, կամ, ենթադրենք, չենթարկվի քրեական պատասխանատվության: Այսինքն, ըստ էության, նախաքննության օբյեկտիվության վրա այդ ռուսական բազայում Ռազգիլդեևի գտնվելու հանգամանքը էական նշանակություն ունի, էական ազդեցություն ունի: Եվ էս առումով մենք դեռևս չենք ստացել պատասխան, թե կարողացե՞լ են արդյոք այցելել, թե՞՝ ոչ, ի վերջո»:
Դատարանում մեղադրանքը ներկայացնելու է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։