Պակիստանի ռազմական դատարանները 25 մարդու դատապարտել են 2023 թվականի մայիսին ռազմական օբյեկտների վրա հարձակումներին մասնակցելու համար։
Երկրի զինված ուժերի լրատվական ծառայության այսօրվա հայտարարության մեջ ասվում է, որ 25-ը դատապարտվել են 2-ից 10 տարվա ազատազրկման:
Նախորդ տարվա մայիսի 9-ին, խարդախության գործով Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո, Խանի կուսակցության կողմնակիցները հարձակվել և վնասել են ռազմական օբյեկտները, մզկիթները և կառավարական շենքերը Պակիստանի տարբեր քաղաքներում։ Անկարգությունների արդյունքում մի քանի մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Զինված ուժերի լրատվական ծառայության հայտարարությունում դատավճիռները որակվել է որպես «ազգի նկատմամբ արդարադատության ապահովման կարևոր հանգրվան»: Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի մայիսի 9-ը տխուր օր էր երկրի համար, և այն պաշտոնապես նշվելու է ամեն տարի։
Իմրան Խանի կուսակցությունն, ի պատասխան վճիռների, X սոցցանցում գրել է, որ զինվորական դատարանները խախտել են ամբաստանյալների սահմանադրական ու մարդու իրավունքները և նշել, որ իր անդամներն ու համախոհները չեն հարձակվել ռազմական կամ կառավարական շենքերի վրա 2023-ի մայիսի 9-ին: