Ըստ Քաղաքացիական ավաիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Հայաստանին պետք է տեղական ավիաընկերություն, որը կբազավորվի Հայաստանում։
«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նա ընդգծեց՝ եթե ընկերությունը բազավորվի Հայաստանում, աշխատատեղեր կստեղծվեն ոչ միայն օդաչուների, այլև ինժեներների համար։
«Ազատություն». - Հայաստանին ազգային ավիափոխադրող պե՞տք է, թե՞՝ ոչ։
Ռևազյան. - Այդ հարցն իրականում մի քիչ անհասկանալի հարց է, ու ասեմ ինչու՝ որովհետև տարբերություն կա ազգային փոխադրող, կամ տեղական փոխադրող, ու ես նկատել եմ, որ մենք շատ հաճախ այդ տարբերությունը չենք դիտարկում։
«Ազատություն». - Տեղականը, պարզ է, մասնավորն է՝ հայկական ավիաընկերությունը։
Ռևազյան. - Այո, իմ կարծիքով մեզ պետք է տեղական ավիաընկերություն, որը կբազավորվի Հայաստանում, որովհետև, եթե ընկերությունը բազավորվի Հայաստանում, աշխատատեղեր կստեղծվեն ոչ միայն մեր օդաչուների համար, բայց նաև մեր ինժեներների համար էլ, որովհետև կարիքը կլինի էդ ինքնաթիռը վերանորոգել և այլն։ Ազգային փոխադրողի պարագայում մի քիչ պատմությունն է կարևոր հասկանալ, որովհետև ազգային փոխադրողի միտքը ստեղծվել է 40-ական թվականներին ու դա եղել է գործիք կառավարարությունների համար, որ այն ուղղությունները զարգացնեն, որոնք հենց կառավարությանն է պետք, բայց դա արդեն մի քիչ հնադարյան մտածելակերպ է։ Երբ որ Լոնդոնում էի կոնֆերանսի, չինացիներն էին ներկայացնում ազգային փոխադրողների հետ կապված իրենց խնդիրները, ու իրենք պարզ ինձ ասացին՝ «եթե նախկինում կառավարություն էր որոշում, թե որ ուղղությունները զարգացնեն, հիմա մենք ստիպված էդ ուղղությունները փակելու ենք, որովհետև իրենք արդյունավետ չեն», այսինքն՝ կառավարությունն այդքան փող է ծախսում, բայց ինքնաթիռը դատարկ է թռնում, և դա ոչ մեկին ձեռք չի տալիս։ Էս վերջին ամիսներին երկու խոշոր ավիաընկերություններ են սնանկության դիմել՝ Air Germania և IBMI, հզոր ավիաընկերություններ, որոնք չեն կարողանում դիմանալ մրցակցությանը։ Հիմա, եթե մենք պատկերացնում ենք, որ պետք է սահմանափակենք շուկան և որ մեր ավիաընկերությունը գործի, կարող է և դա հնարավոր լինի, բայց եթե մենք սահմանափակենք շուկան այլ ընկերությունների համար, ուրեմն գները կբարձրանան։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք մեր ազգային փոխադրողը որ իրո՞ք շանս ունենա գործի Հայաստանում, թե՞ մենք ուզում ենք էժան գներ։ Ուղղակի շեշտն ուզում եմ դնել՝ տեղական ավիափոխադրող պետք է, որ բազավորվի Հայաստանում։
«Ազատություն». - Նաև որ պետությունից օգնություն ստանա, սուբսիդիա ստանա։
Ռևազյան. - Չէ, պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ ավիաընկերությունն ուզենա բազավորվի Հայաստանում, ու էդ խնդիրն իրականում կա։ Մենք հիմա ուսումնասիրություններ ենք անում՝ ինչ փոփոխություններ պետք է անենք, որ ավելի լավ պայմաններ ստեղծենք, որ ուզենան այստեղ բազավորվել։
«Ազատություն». - Ռուսական ավիաընկերությունների դեմպինգի խնդիր կա՞, թե՞՝ ոչ։ Ժամանակին կային այդպիսի դժգոհություններ, որ հայկականները դրա պատճառով չեն կարողանում թռիչքներ իրականացնել։
Ռևազյան. - Մենք բոլոր ավիաընկերությունների հետ շփվում ենք, և տեղական ավիաընկերությունների հետ, ու, իրենց խոսքով, իրոք այդպիսի խնդիր կա, արդեն մենք պետք է հասկանանք՝ մեր օրենքների մեջ ո՞նց կարող ենք դրա դեմ պայքարել, կարո՞ղ ենք արդյոք պայքարել, թե՞ չենք կարող։ Ինձ համար մի քիչ դժվար է հասկանալ՝ դեմպինգը ո՞րն է և ո՞րը դեմպինգ չի, օրինակ՝ Ryanair-ը, որ Եվրոպայում չվերթներ է իրականացնում, լինում է, որ մի քանի շաբաթով, կամ մի ամսով շատ էժան գներ է տրամադրում, ես տեսել եմ, որ Կոպենհագենից Լոնդոն 4 եվրոյով էր տոմսը վաճառում։ Հիմա իրենց դեմ պայքար չի գնում, չեն ասում, որ դեմպինգ են անում, բայց դա ևս կարելի է դիտել որպես դեմպինգ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․