Մատչելիության հղումներ

«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի չվերթները դեպի Գյումրի


Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի չվերթները դեպի Գյումրի: Ձեռային սեզոնի տոմսերի վաճառքը վերսկսվել է: Այս մասին հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից` հավելելով՝ բոլոր խնդիրները կարգավորված են։ Թե ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, օդանավակայանից դարձյալ չեն մանրամասնում։

Ավելի վաղ «Ազատությանը» «Պոբեդա»-ից տեղեկացրել էին, որ տոմսերի վաճառքը դադարեցնում են, քանի որ «Շիրակ» օդանավակայնում վառելիքը թերի են լիցքավորում։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից «Պոբեդայի» հայտարարությանն արձագանքել էին՝ նշելով, որ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար։ Այսօր արդեն «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Գյումրիի օդանավակայանից խոստացել են՝ վերահսկել լիցքավորման գործընթացը։

«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի չվերթների վաճառքը․ օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքով լիցքավորման գործընթացի որակի վերահսկողության ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կթռչեն Գյումրի», - նշել է «Պոբեդա»-ի ներկայացուցիչը։

«ՏԱՍՍ»-ը ծանոթացել է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջերի նամակին, որում Մարսելո Վենդեն օդանավակայանի անունից ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերի լիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն»: Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջերն, ըստ հրապարակման, վստահեցրել է, որ ապագայում կբացառեն նման միջադեպերը։ Ռուսական միակ լոուքոսթերը դեպի Գյումրի չվերթներ սկսել 2016-ի դեկտեմբերից։

«Պոբեդա»-ն միակ ավիաընկերությունն է, որը համեմատաբար մատչելի տոմսեր է առաջարկում Մոսկվայից դեպի Գյումրի: Ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել էր, որ արդեն 2020 թվականի ամռանը երկու լոուքոսթեր պատրաստ է գալ Հայաստան, բայց մինչ այդ պայման ունեն՝ ավիաընկերությունների առաջ ծագող խոչընդոտները վերացնել։ Խնդիրը լուծելու համար կոմիտեում օրենք են մշակում: Առաջարկելու են նոր ուղղությունների համար «օդի հարկ» ասվածը հանել։

XS
SM
MD
LG