Մատչելիության հղումներ

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ․ Առաջին կիսամյակում 9 տոկոսով աճել են ուղևորափոխադրումները


Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան

Այս տարվա 6 ամիսներին ուղևորափոխադրումներն ավելի քան 9 տոկոսով ավելացել են։ Իսկ հուլիսի 8-ից հետո դեպի Ռուսաստան ու այնտեղից Հայաստան չվթերների քանակն է մի քանի անգամ մեծացել։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը պարզաբանում է, որ չվերթներն ավելացել են Ռուսաստանից դեպի Վրաստան թռիչքների արգելքից հետո։

Ուղևորափոխադրումների վիճակագրության մեջ ներառված չեն հուլիսի թվերը, հակառակ պարագայում հնարավոր է ավելի բարձր ցուցանիշ ստանային․ - «Ուրախացանք, որ «Արմենիա» ավիաընկերությունը բացեց դեպի Մոսկվա չվերթներ՝ 14 անգամ շաբաթական: Միաժամանակ ռուսական ավիաընկերություններն են շատացրել, ոչ մենակ Մոսկվա, [այլև] Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ»:

Հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթները դադարեցվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արգելանքով։ Պուտինը նման որոշում էր ընդունել Թբիլիսիում կազմակերպված հակառուսական ցույցերից անմիջապես հետո:

Ըստ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի, հայաստանյան շուկան հետաքրքրում է լոուքոսթերներին, այլ կերպ ասած՝ էժան ծառայություններ մատուցող ավիաընկերություններին: Արդեն 2020 թվականի ամռանը երկու լոուքոսթեր պատրաստ է գալ Հայաստան, բայց մինչ այդ պայման ունեն՝ ավիաընկերությունների առաջ ծագող խոչընդոտները վերացնել։

Խնդիրը լուծելու համար կոմիտեում օրենք են մշակում: Առաջարկելու են նոր ուղությունների համար «օդի հարկ» ասվածը հանել․ - «Խոչընդոտներից այն է, որ ծախսերը շատ բարձր են Հայաստանում: «Զվարթնոցի» սակագներն են բարձր, և մեր «օդի փողն» էլ: Տասը հազար դրամը դա փոքր գումար չի: Հաշվի առնելով, օրինակ, Ryanair-ի եթե Եվրոպայում միջին տոմսի գինը 40 եվրո է, այսինքն այստեղ էլ 20 եվրոն մենակ «օդի փողն» ա: Դա լուրջ խնդիր է: Մենք ուզում ենք առաջարկենք «օդի փողը» հանել նոր ուղղությունների համար»:

1993-1996 թվականներին քաղավիացիայի ոլորտի պատասխանատու Շահեն Պետրոսյանը կողմ է, որ ընդհանրապես հանվի 1998 թվականիից գանձվող 10 հազար դրամ պետական տուրքը «օդի հարկը»։ Նա դա ոլորտի զարգացման խոչընդոտ է համարում, բայց ոչ միակը։

Պետրոսյանն ասում է, թե ավիավառելիքի մենաշնորհը ևս պետք է վերացնել, որը իշխանափոխությունից հետո էլ նույն անձնանց ձեռքում է․ - «Բացի նրանից, որ «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների գներն են բավականին բարձր, շատ կարևոր է նաև վառելիքի մենաշնորհը վերացնել: Էսօրվա դրությամբ վառելիքի նկատմամբ, այն, ինչ որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրար հետևելով ստեղծեցին այդ մոնոպոլիան, ու տենց շարունակվում ա: Դրա համար տենց բարձր ա գները: Եվ էդ ներկրողը միակն ա, և նա ինչ գին ասես կդնի»:

Շահեն Պետրոսյանին զարմացնում է, թե ինչու իշխանափոխությունից հետո ոչ մի շոշափելի քայլ չի ձեռնարկվում ազգային փոխադրող ունենալու համար։ Նա խոսքով, ազգային փոխադրող ունենալը ռազմավարական նշանակության խնդիր է, ու օր առաջ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն դրա ուղղությամբ․ - «Դու պետք ա սեփականը ունենաս։ Վրաստանի նկատմամբ ինչ տեղի ունեցավ, չէ․․․ թշնամանք: Վաղը-մյուս օրը կարող ա Հայաստանի նկատմամբ տենց թշնամանք լինի տարբեր ընկերությունների կողմից, և ստեղից ոչ ոք չթռնի: Հետո մենք ի՞նչ ենք անելու, եթե սեփականը չունենանք»:

Տաթևիկ Ռևազյանն այսօր չկարողացավ նշել է, թե երբ ի վերջո Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող։ Նա նշեց, որ պետությունը կարող է ազգային ավիափոխադրողի կոչում տալ նաև արդեն գործող ավիաընկերությունների, սակայն չեն ցանկանում շտապել այդ հարցում․ - «Մեր մոտ որ «Արմավիան» սնանկացավ, շատերին շատ մեծ գումարներ էր պարտք, Հայաստանի անունը ուժեղ գցեցին: Ես չեմ ուզենա, որ Հայաստանի անունը գցենք: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր անունը բարձր պահենք: Թող ստեղծեն, թող աշխատի, ապացուցեն, որ ինքը չի բացվում-փակվում, ու նոր էդ հարցը նորից քննարկենք»:

Ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտության մասին վերջերս նաև վարչապետն էր խոսել։ Փաշինյանն ասել էր, որ առաջին խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և բացառել սնանկացած «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերություններում տեղի ունեցածի կրկնությունը:

XS
SM
MD
LG