Մատչելիության հղումներ

Ուսումնական տարվա մեկնարկը՝ դասադուլով․ ՀՊՏՀ ուսանողները պահանջում են վերադարձնել Ռուբեն Հայրապետյանին


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ նոր ուսումնական տարվա մեկնարկը դասադուլով դիմավորեցին: Նրանք պահանջում են ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերադարձը:

«Դասադուլի նպատակը արդարությունը վերականգնելն է, պահանջում ենք որպեսզի նա հետ վերադառնա և իր սկսած բարեփոխումները շարունակվեն», - լրագրողների հետ զրույցում ասում էր ուսանողներից մեկը:

ԲՈւՀ-ում պրոֆեսորադասախոսկան կազմի նոր մրցույթ նախաձեռնած Հայրապետյանը պաշտոնը լքեց իր դոկտորական ատենախոսությունում գրագողության փաստերի պատճառով, դրանք հայտնաբերել էին Հայրապետյանի նախաձեռնած մրցույթից դուրս մնացած կամ ընդհանրապես դրան չդիմած դասախոսները, այնուհետև Բարձրագույն որակավորման կոմիտեն, քննության առնելով ատենախոսությունը, հաստատել էր գրագողության առկայությունը։

Հայրապետյանին աջակցող ուսանողները գրագողության փաստի մասին ասում են․ - «Դա համակարգային խնդիր է, համակարգային բնույթ է կրում, մենք ուզում ենք ցույց տալ, որ մեկ անձ չպիտի տուժի համակարգային խնդիրների համար»:

Ուսանողների խումբը ուսումնասիրել է ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Դիանա Գալոյանի աշխատանքները և ինչպես իրենք են պնդում՝ արտագրության դեպքեր են հայտնաբերել:

«Բացահայտել ենք, որ խնդիրներ կան, ու տարածել ենք համացանցում: Խնդիրը համակարգային է, եթե բոլորի աշխատանքները ստուգեն, հաստատ շատ սխալներ կգտնեն», - ասում են նրանք:

Համալսարանի գիտխորհուրդը չի հաստատել Հայրապետյանի նախաձեռնած մրցույթի արդյունքները, ուսանողներն էլ վրդովվել են՝ դասացուցակներում տեսնելով այն դասախոսների անունները, որոնք ըստ մրցույթի, այս տարի չպիտի դասավանդեին:

Բողոքող ուսանողների թիվը համալսարանի դիմաց մեծ չէր: Նրանք դա պայմանավորում են մի քանի հանգամանքներով, ասում են՝ «մարդիկ չեն ուզում երևալ տեսախցիկների առջև, ամաչում են, վախենում են, վախի մթնոլորտ կա, դասախոսները նրանց հրավիրում են դռնփակ հանդիպումների, իրավիճակը բավականին լարված է»:

Համալսարանի դիմաց հավաքված ուսանողները քայլերթ անցկացրեցին դեպի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Արդեն նախարարության դիմաց ուսանողները նոր պահանջ առաջադրեցին՝ ցանկանում են հանդիպում վարչապետի, ԿԳՄՍ նախարարի, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Այստեղ կոչեր հնչեցնելուց հետո ուսանողները ցրվեցին:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հնարավոր չի համարում Հայրապետյանի վերադարձը․ - «Դասախոսներն ու ուսանողները կարող են ասել՝ մենք էլ կարող ենք արտագրել արդեն, եթե ռեկտորին կարելի է, մենք էլ ենք ուզում օգտվել»:

Խաչատրյանն անդրադարձավ ուսանողների այն պնդումներին, որ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում նույնպես արտագրության դեպքեր կան: Փորձագետը խնդրի համակարգային լուծման տարբերակ է առաջարկում․ - «Նախարարությունը կարող է այսպիսի կարգ դնել, որ ցանկացած մարդ, որը զբաղեցնում է ԲՈՒՀ-ի ղեկավարի պաշտոն, իրենց գիտական աշխատությունը կարող է ենթարկվել որոշակի ստուգման»:

Փորձագետը համաձայն չէ ուսանողների այն պնդումներին, թե անթերի աշխատանքներ գտնելը շատ բարդ է․ - «Ես համարում եմ, որ Հայաստանում եղել են մարդիկ, որոնք գիտելիքներով, պահպանելով բոլոր կանոնները պաշտպանել են: Գուցե քիչ են բայց կան»:

Ըստ Փորձագետի, պետք է գտնել հենց այպիսի աշխատանքներ ունեցող մարդկանց, որոնք անազնիվ միջավայրում ազնիվ են աշխատել։

XS
SM
MD
LG