Մատչելիության հղումներ

Թելադրությամբ դաս անցկացնելը հանցագործություն է․ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար


ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան, 30-ը հուլիսի, 2019 թ.
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան, 30-ը հուլիսի, 2019 թ.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը չնայած բուհի որոշ դասախոսների այն պնդումներին, թե իր նախաձեռնած և արդեն անցկացրած պրոֆեսորադասախոսական կազմի մրցույթն ապօրինի է և ուղղված է կոնկրետ անձերի դեմ, պնդում է՝ բարեփոխումները նախաձեռնելիս ի սկզբանե ավագ սերնդի դասախոսներին երիտասարդներով փոխարինելու խնդիր իրենց առջև չեն դրել, հարցը ուսումնական պրոցեսը կազմակերպելու մեթոդների մեջ է՝ մասնավորապես, բացառելու խորհրդային ժամանակներից եկած լեկցիաների թելադրությունը:

«Համեմատության մեջ՝ 20 տարի դասախոսությունները թելադրողը շատ ավելի պակաս գիտելիք է տալու՝ 21-րդ դարում թելադրելով, քան նոր և անփորձ խելացի մասնագետը։ Տարիքային բախումը կրկին չկա, թելադրողներ, շատ մեծ ցավով եմ ասում, կան նաև երիտասարդ մասնագետների մեջ, կան նաև տարեցների մեջ։ Բնականաբար, այն երիտասարդ մասնագետները, ովքեր չեն համապատասխանել դասախոս լինելու չափանիշներին, ըստ մեր կանոնակարգի, նրանք ուղղակի չեն անցել մրցույթը», - նշեց Հայրապետյանը։

Բուհի երիտասարդ ղեկավարը դասընթացներն այս եղանակով անցկացնելը հանցագործություն է համարում․ «Դասախոսական աշխատանքը կատարելու փոխարեն տետրը դնում ես քո արջև ու սկսում ես թելադրել, մի բան որը կարող է անել ցանկացած մարդ, մի բան, որ կարող է անել անգամ բարձրախոսը, եթե պատին փակցնենք և սկսի այդպես խոսել»։

Հայրապետյանի խոսքով՝ իր նախաձեռնած բարեփոխումների դեմ բողոքողներից և դրանք ապօրինի անվանող դասախոսներից ոմանք դասերը հենց այսպես էլ անցկացնում են։ Բողոքող դասախոսներից մեկը՝ Հասմիկ Հարությունյանը, որը դասավանդելու 20 տարվա փորձ ունի, պնդում է՝ ռեկտորի պաշտոնակատարի նախաձեռնած բարեփոխումներն իրականում հաշվեհարդար են իրենից դժգոհ և բողոքող դասախոսների դեմ:

«Զավեշտը գիտե՞ք ինչումն է, որ էսօր համալսարանում մրցույթով անցել են էն մարդիկ, որոնք իրականում պիտի բուհում չաշխատեն, ստուգում են օտար լեզուների իմացություն, բայց ոչ մի անգամ չի ստուգվում մարդկանց գրագետ հայերեն խոսելու, ակադեմիական լեզվով լսարանում ներկայանալու այդ հմտությունը, իսկ մենք ունենք դասախոսներ, որոնք հայերեն էլ չգիտեն, միգուցե ավելի ճիշտ էր հայերենը ստուգել։ Պետք չի մոռանալ՝ բուհը պետական է և պետական լեզուն հայերենն է», - ասաց Հասմիկ Հարությունյանը։

Տիկին Հարությունյանը պնդում է՝ Հայրապետյանի գործունեության հետևանքով բուհում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծվել, չնայած շաբաթներ առաջ «Ազատության» հետ զրույցներում Տնտեսագիտականի ուսանողներն ասում էին, որ գոհ են ռեկտորի պաշտոնակատարի քայլերից ու դրանք իրենց ոգևորում են։

Հասմիկ Հարությունյանը մի շարք այլ դասախոսների հետ դիմել էր դատարան՝ մրցույթն ապօրինի ճանաչելու պահանջով, դատարանն ի սկզբանե արգելանք էր դրել մրցույթի անցկացման կանոնակարգի կիրառման վրա, հետագայում այն վերանայվել է, քանի որ կալանքը բուհի գործունեությանը կարող էր վնասներ պատճառել։ Հայրապետյանի խոսքով՝ վճիռը դեռ չկա, քննությունը շարունակվում է։ Ի պատասխան իրեն քննադատողներին շեշտում է՝ ամեն ինչ ուսանողների համար են անում, իսկ մրցույթը օրենքի սահմաններում են անցկացրել։

«Մենք վստահ ենք, որ դատարանի անկողմնակալ և օբյեկտիվ որոշման պարագայում սեպտեմբերից կարողնալու ենք կազմակերպել մեր գործունեությունը», - ընդգծեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը։

Մրցույթին դեմ դասախոսներից մեկը՝ Գագիկ Ասլանյանը, որը բուհի կառավարման ամբիոնի դոցենտներից մեկն է այսօր անդրադարձավ անձամբ Հայրապետյանին՝ հրապարակելով իր խոսքով մի քանի փորձագետների ուսումնասիրություն, որը որևէ կապ չունի մրցույթի հետ։ Բանն այն է, որ ըստ այդ ուսումնասիրության, Հայրապետյանի դոկտորականի տասնյակ էջեր արտագրված են:

«Ներածությունով հանդերձ 300 էջանոց իր աշխատանքում առնվազն 60 էջ գրագողություն է, որոնք տեղ են գտել իր աշխատանքի 7 ենթագլուխներում», - ասաց Ասլանյանը։

Ռեկտորի պաշտոնակատարը հերքում է գրագողություն անելու պնդումը՝ դասախոսի ներկայացրած իբր արտագրության փաստերն, ըստ Հայրապետյանի, միջնորդավորված հղումներ են։ Ասում է՝ դրանք ավելացրել է գիտական ղեկավարի առաջարկով։ Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ դասախոսի պնդումները վերաբերում են իր աշխատանքի միայն տեսական մասին, իսկ բուն հետազոտության վերաբերյալ որևէ խոսք չկա:

«Հետազոտության հիմնական արդյունքները, որոքն գրագողության հետ ընդհանրապես կապ չունեն, այդ մարդկանց չի հետաքրքրում, իրենք փորձում են կենտրոնանալ գրականության ամփոփման այդ միջնորդավորված հղումներին, որ ցեխ շպրտեն աշխատության վրա», - նշեց Հայրապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG