Մատչելիության հղումներ

ՀՊՏՀ-ի նախկին ռեկտորի գործը նախաքննության փուլում է. Քննչական կոմիտե


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի գումարի՝ մոտ 400 միլիոն դրամի վատնման համար հարուցված քրեական գործն այս պահին նախաքննության փուլում է, հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման տարիներին համալսարանը արտասահմանցի ուսանողներին կացարանով ապահովելու համար վարձակալել է Երևանի Նելսոն Ստեփանյան 1 հասցեում գործող հյուրատունը։ Այն պատկանում է նախկին ռեկտորի մտերիմ Ռուբեն Սահակյանին։ Հյուրատան ծախսերը փակելու պատճառով բուհից ֆինանսական մեծ ելքեր են եղել, համալսարանը օտարերկրյա ուսանողների վճարումների հաշվին պիտի փակեր ծախսերը, սակայն նրանց թիվը քիչ է եղել: Ամիսներ առաջ համալսարանի ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը «Ազատությանը» հայտնել էր՝ հյուրատունը պահելու համար համալսարանը տարեկան շուրջ 100 միլիոն դրամ է ծախսել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության շրջանակում յոթ տարի համալսարանը ղեկավարած ռեկտորին դեռ չեն հարցաքննել, իսկ հյուրատան սեփականատերն էլ պնդում է՝ իր մտերիմ Աթոյանի հետ կնքված գործարքում «ատկատներ» չկան:

«Էն գինը, ինչ որ Աթոյանը պայմանագիր է կապել ինձ հետ, ավելի ցածր է, քան հիմա էն, ինչ որ ես իրանից հետո, իրա պայմանագիրը ավարտվելուց հետո կնքել եմ։ Ուղղակի շատ ափսոսում եմ, որ Աթոյան Կորյունի հեղինակության հետ են խաղում», - նշեց Սահակյանը։

Քրեական գործի հարուցումից հետո Սահակյանի և ՀՊՏՀ-ի 6 տարվա համագործակցությունը դադարեցվել է, բուհի ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը այդչափ մեծ ֆինանսական ելքերի հնարավոր պատճառ էր համարում վատ կառավարումը, բուհում որոշել են, որ հյուրատունը պահելը շատ թանկ է: Հյուրատան սեփականատերն էլ շեշտեց՝ պատմության մեջ միակ բանը, ինչի մեջ կարելի է մեղադրել նախկին ռեկտորին, «անհաջող գործարքի» իրականացումն է։

«Մի տարի հնդիկների բերեցին, դրանից հետո էլ չստացվեց», - ասաց հյուրատան սեփականատերը։

Սահակյանն արդեն հարցաքննվել է, իսկ նրա փաստաբան որդին՝ Լևոն Սահակյանը, որը Կորյուն Աթոյանի ներկայացուցիչն է, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ քրեական գործը նախկին ռեկտորի հետ կապելն անհիմն է:

«400 միլիոն դրամ վատնման հանցակազմը պարոն Աթոյանի հետ կապելը պարզապես զավեշտի դաշտից է։ Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչպես կարող է այդ գումարը պարոն Աթոյանի հետ որևէ առնչություն ունենալ», - ասաց Սահակյանի որդին։

Լևոն Սահակյանի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են քննիչին հարցաքննության հրավիրվելու ցանկությամբ՝ պատմության վրա լույս սփռելու համար։

«Բարդ է, ինչպես ասում են, մութ սենյակում սև կատու փնտրելը, առավել ևս՝ երբ այդ կատուն էդ սենյակում չկա։ Մենք փորձում ենք գնալ հարցաքննության, փորձում ենք լուսավորել այդ սենյակը, որպեսզի քննիչը հավաստիանա, որ սենյակում կատու չկա», - նշեց Լևոն Սահակյանը։

Սահակյան կրտսերը վստահեցնում է՝ Աթոյանն իր պաշտոնավարման ընթացքում շահադիտական դրդում չի ունեցել, հավելելով, որ իր հոր և նախկին ռեկտորի կնքած պայմանագրում ապօրինություն չկա: Աթոյանի ներկայացուցիչն ասում է՝ քրեական գործն իրենց համար առնվազն տարօրինակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG