Մատչելիության հղումներ

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը թողել է զբաղեցրած պաշտոնը


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, որին մեղադրում են դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, թողել է զբաղեցրած պաշտոնը:

Այս մասին ֆեյբուքյան իր էջում երեկ հայտնեց Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը․ - «Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ»:

Հայրապետյանի ատենախոսության մեջ գրագողության մասին բարձրաձայնեցին մի խումբ դասախոսներ, որոնք դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի նախաձեռնած բարեփոխումներից՝ մասնավորապես դասախոսական նոր կազմի մրցույթից, որն ըստ բողոքողների, անօրինական էր։

Դոկտորականում խնդիրների առկայությունն ընդունել էր անձամբ Հայրապետյանը՝ հայտարարելով, թե ինքն աթոռից կառչած չէ։

Հայրապետյանի հետ խոսել այսօր չստացվեց: Նա ասաց, որ այս պահին հարցերին չի կարող պատասխանել և որ անհրաժեշտության դեպքում հանդես կգա հայտարարությամբ։

Հայրապետյանի արդեն նախկին ուսանողներն էլ ստորագրահավաք են սկսել՝ չընդունելով նրա հրաժարականը: Արդեն ավելի քան 1000 ստորագրություն կա։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասում է, որ կան կանոններ, որոնց խախտման դեպքում մարդն այլ հատկանիշներով չի կարող փոխհատուցել․ - «Ուսանողները կարող են ասել, որ նա լավ ռեկտոր էր, լավ քաղաքականություն էր տանում, ուզում էր ԲՈՒՀ-ն ավելի լավը դարձնել, ուզում էր ձերբազատվել վատ դասախոսներից և այլն: Այս ամենը զրոյացվում է գրագողության պատճառով»:

Փորձագետի կարծիքով, եթե Հայրապետյանը շարունակեր պաշտոնավարել, նախարարի հասցեին շատ լուրջ քննադատություն կլիներ՝ անկախ ուսանողների տրամադրություններից ու Հայրապետյանի աշխատանքից․ -
«50 խոշոր թիվ բազմապատկեք իրար ու հետո բազմապատկեք 0-ով, արդյունքը զրո կստացվի: Հիմա նույնը այս դեպքն է»:

Խաչատրյանի խոսքով, այսպիսի դեպքեր շատ կան Հայաստանում, և դրանք ևս բացահայտելու կարիք կա․ - «Հասարակությունը, այդ թվում կրթության համակարգը հիվանդ են: Այսպիսի զարգացումները մեզ պետք են, որպեսզի մենք կարողանանք համակարգը կարգի բերել»:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը նույնպես բերում է զրոյով բազմապատկման օրինակը ու ասում, որ գրագողության դեպքերը կանխարգելող մեխանիզմի անհրաժեշտություն կա, և Հայրապետյանի դեպքը այս մասով կարող է լավ օրինակ ծառայել․ - «Ամբողջ կարիերա կարող է վտանգի տակ դրվել դրա պատճառով»:

Գոգյանը վստահ է, որ Հայրապետյանն ու շատ-շատերը ժամանակին չեն էլ գիտակցել, թե ինչ են անում, խնդիրը համակարգային է․ - «Դա առկա է բոլոր ասպիրանտների, հայցորդների մոտ: Նրանք գալիս են՝ չիմանալով ինչ է գիտությունը, գիտական աշխատանքը, հետևում են իրենց ղեկավարների ասածներին, որոնք կարող է ժամանակ էլ չունենան զբաղվելու և պարզապես ասեն՝ գնա ստեղից կարդա, էնտեղից կարդա, մի բան գրի, և այդպես շղթայապես գնում է»:

Իրավիճակը փոխելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսում է իր գործառույթներում կետեր ավելացնել, որպեսզի կարողանան կրթել ասպիրանտներին՝ նրանց տեղեկացնելով ակադեմիական գրագիտության մասին․ - «Ուզում ենք կանխարգելիչ, կրթող մեխանիզմներ մեր ձեռքը վերցնել, որպիսզի կարողանանք որակ բարձրացնել, այլապես պատժելը չենք համարում, որ դա էֆեկտիվ մեթոդ է»:

Արդեն այսօր նախարարի հրամանով ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակվեց համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը: Նա պաշտոնը ստանձնելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է․ - «Սիրելի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ, ՀՊՏՀ-ում սկիզբ առած բարեփոխումներն այլընտրանք չունեն: Դրանք սրընթաց վերափոխվող աշխարհում մեր տեղը պահպանելու և երկրի հասարակական-տնտեսական զարգացումներում մեր առանցքային դերակատարումը ստանձնելու հրամայականն են»:

XS
SM
MD
LG