Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախկին նախարարը պնդում է, թե Ամուլսարի հարցը պետք է լուծվի հանրաքվեով


2016-2018 թվականներին Բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը չի հստակեցնում իր դիրքորոշումը՝ պե՞տք է Ամուլսարի հանքը շահագործվի, թե՞ ոչ՝ ասելով, թե այդ հարցի պատասխանը կտա, երբ հանրաքվե իրականացվի։

Հարցին, թե ինչու այս վիճահարույց հարցով հանրաքվե չէին պահանջում, երբ Հանրապետականի հետ քաղաքական համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախարարի պաշտոն էր զբաղեցնում, Մինասյանն արձագանքում է․ - «Հանրաքվեի վարկածը այն ժամանակ է պետք, երբ որ այսպիսի դժգոհություններ են առաջանում և այսպիսի անվստահություն կա: Մինչև իշխանափոխությունը այսպիսի լարվածություն չի եղել․ եղել են դժգոհություններ, եղել են առարկումներ, բայց այս ծավալի դժգոհություն չի եղել: Հիմա եկել է մի վիճակ, երբ որ իշխանությունը հստակ ինչ-որ սպասում է ձևավորել, հիմա ելնում է ուղիղ այդ սպասմանը հակառակ մոտեցում է առաջ քաշում, և լարվածությունը մեծացել է: Այսպիսի ֆոնի վրա ի՞նչն է մնում հարցի լուծում, եթե ոչ հանրաքվեն: Ընդ որում, օրենքի տեսքով հանրաքվեն՝ «Արգելել Ամուլսարի շահագործումը որպես հանքավայր: Այո: Ոչ»: Ընդ որում, այս նախաձեռնությունն էլ բացարձակ կապ չունի արդեն իշխանության հետ: Կարող են քաղաքացիական նախաձեռնության կարգով, այդ թվում նաև բոլոր բնապահպանները, ովքեր դեմ են, կամ այն անձինք, ովքեր որ չշահագործման գաղափարը կրում են, նախաձեռնեն այս աշխատանքը»:

Բնապահպանության նախկին նախարարի համար անընդունելի են իր հասցեին ուղղված մեղադրանքները: Նրա խոսքով, նախ բոլոր տեսակի թույլտվությունները իր նշանակումից շատ ավելի առաջ են տրվել, իսկ ինքը նախարար աշխատած տարիներին էական աշխատանքներ է տարել այս ուղղությամբ․ - «Մենք առաջ քաշեցինք նոր մոտեցում․ որ կառավարությունը ինքը պատվիրի բնապահպանական ազդեցության անկախ փորձագիտական հետազոտություն, որը կֆինանսավորվեր ոչ բյուջեի հաշվին, որովհետև կառավարությունը այս միջոցները չէր տրամադրում, և համաձայնություն վերցրինք, որ «Լիդիան»-ը այդ միջոցները կառանձնացնի, կառավարության հատուկ հաշվին կփոխանցի, իսկ պատասխանատուն կլինի արդեն կառավարությունը: Եվ առաջին լավագույն միջազգային տասը փորձագետներից հրավիրենք երկուսին, որոնք ավելի անկախ և ավելի օբյեկտիվ գնահատական կտային: Եվ ոչ միայն փաստաթղթային, այլ նաև դաշտային աշխատանքները, հետազոտությունների հիման վրա: Եվ գրեթե այդ համաձայնությունը առկա էր: Սակայն տեղի ունեցավ քաղաքական փոփոխություն երկրում: Եվ այդ փոփոխության արդյունքում փոխանակ այն ձեռքբերումները, որոնք մեն ունեինք արդեն, դնեին հիմքում և սկսեին իրականացնել գործողություններ, ամեն ինչ դրվեց մի կողմ, ձևավորվեց մի մեծ սպասում, թե՝ սպասեք, մենք ավելի լուրջ աշխատանք ենք անելու: Արդյունքում շահագործել-չշահագործելու հարցը մնաց այսպես օդից կախված: Հիմա եկել է մի վիճակ, որ ով ինչ խոսք ասի, միևնույն է չի ընկալվելու միանշանակորեն: Դրա համար խոսքը ի վերջո պատկանում է ժողովրդին»:

Արծվիկ Մինասյանը պնդում է, որ նույնիսկ Բնապահպանության նախարար եղած տարիներին երբեք չի հայտարարել՝ հանքը ենթակա է կամ ենթակա չէ շահագործման, միայն հստակեցրել է, որ ամեն ինչ արված էր օրենքի շրջանակներում․ - «Ակնհայտ է, որ կան նաև ռիսկեր չշահագործման դեպքում հնարավոր վնասներ կրելու տեսակետից: Բայց համեմատելով այն ռիսկերի հնարավոր դրսևորման հետ, որոնք կարող են առաջանալ հատկապես «Էլարդ»-ի վերջին հետազոտության անորոշության ֆոնին՝ կարող են շատ ավելի մեծ վնասներ բերել երկրին, քան թե չշահագործման դեպքում ազդեցությունն է: Սկսած արբիտրաժին, ավարտած ներդրումային միջավայրի վատթարացման հիմքում պայմանավորված Հայաստանում ուղղակի ներդրումների վերջնական դադարեցմամբ: Բայց համար մտահոգիչ է նաև մեկ այն բան․ երբ մեկ տարի առաջ տեղի ունեցան այս գործողությունները, և հանդուրժվեց ճանապարհների փակումը, զրկվեց «Լիդիան Արմենիա»-ն կառավարելու հնարավորությունից, մեկ տարուց ավելի է, այստեղ արդեն իսկ արտանետումները կան, արդեն իսկ բացասական դրսևորում կա: Որևէ մեկը հարց չի՞ տալիս․ բա, լավ, բա էս մեկ տարվա ընթացքում այս անգործությունը, որ ցուցաբերել ենք իբրև պետություն, իբրև կառավարություն, սրա վնասները ո՞վ է կրում»:

Հանքի շահագործման համար անհրաժեշտ շրջակա միջավայրի ազդեցության մի քանի գնահատականներից մեկը Բնապահպանության նախարարությունը հաստատել է դեռ 2014 թվականին: Մինչև 2014-ի ապրիլը պաշտոնավարել է Արամ Հարությունյանը, իսկ ապրիլի 30-ից՝ Արամայիս Գրիգորյանը: Առաջինն այսօր գտնվում է հետախուզման մեջ հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացում առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ երկրորդը Ամուլսարի մասին հարցը լսելուց հետո դարձավ անհասանելի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG