Մատչելիության հղումներ

«Սանիթեք»-ի ղեկավարը աղբահանության վիճակը պայմանավորում է Նուբարաշենի ճանապարհի վատ վիճակով


12 տարվա պայմանագրով Երևանի աղբահանության իրականացումը ստանձնած «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը իրենց աշխատանքի վատթարացման պատճառ է համարում Նուբարաշենի աղբավայր տանող ճանապարհի վատ վիճակը:

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լիբանանցի գործարարը հայտնել է, որ իրենց աղբատարները վնասվում էին, քաղաքապետ Հայկ Մարությանին անցած տարվա նոյեմբերին նամակ են ուղարկել, որ եղած պայմաններով կարող են աշխատել առավելագույնը երեք-չորս ամիս:

«Պայմանագրում նշված է, որ քաղաքապետարանի պարտականությունն է համապատասխան աղբավայրով ապահովել ընկերությանը: 2014 թվականի ծրագիր կար, որ պետք է մեկնարկեր՝ աղբավայրը վերականգնելու կամ նոր աղբավայր ստեղծելու նպատակով: Երեք թե հինգ ամիս առաջ էր, որ մրցույթ հայտարարվեց, զանազան ընկերություններ տենդերին մասնակցեցին: Թե ով և ինչպես պետք է աղբավայրը նորոգի, առայսօր դեռ ոչ ոք չի նշանակվել: Մենք ունենք մի շարք լուսանկարներ քաղաքապետարանի նոր բեռնատարների, որոնք նույնպես խնդիրներ են ունենում Նուբարաշենում», - ասել է Թավիլը:

Գործարարի խոսքով, իրենք աղբահանության խնդրի սրացումից խուսափելու պլան էին մշակել ու ներկայացրել քաղաքապետարան: Սակայն երբ կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել աղբահանության հիմնարկ ու մեքենաներ ձեռք բերել, պլանները հօդս ցնդեցին: Նիկոլաս Թավիլի պնդմամբ, եթե այժմ «Սանիթեք»-ն ու քաղաքապետարանը համագործակցեն, գործը գլուխ կբերեն, սակայն քաղաքային իշխանությունները դա չեն ուզում և, ինչպես ինքն է ասում՝ գողանում են իրենց աշխատողներին․ - «Նրանք գնում են մեր աշխատակիցների մոտ ու ասում՝ գիտեք, «Սանիթեք»-ը շատ շուտով փակվելու է, դուք եկեք մեզ մոտ աշխատեք, այդպես ավելի լավ կլինի: Մեծ մեդիա պատերազմ է հայտարարված ընդդեմ «Սանիթեք»-ի: Եթե այդ որոշումն այդքան կարևոր է քաղաքապետի համար, մի՞թե նա չէ քաղաքի գլուխը և քաղաքի պետը, մի՞թե նա չէ նավավարը, մի՞թե նրա համար այդքան դժվար է հեռախոսը վերցնել, զանգահարել ինձ և ասել՝ նստենք այս հարցը լուծենք, կամ գոնե համագործակցել քաղաքի համար, քան թե յուրաքանչյուրն առանձին աշխատի»:
Թավիլն ասում է, որ ավելի լավ է միասին աշխատեն, իսկ քաղաքապետարանը վստահեցնում է, որ իրենց բերած մեքենաների շնորհիվ աղբի կույտերի խնդիրը լուծվում է (այս մասին «Ազատության» կիրակնօրյա վերլուծականի եթերում հայտարարել էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը):

Փոխքաղաքապետը հավելել էր, որ այժմ մայրաքաղաքի փողոցներում աշխատում են պատվիրված մեքենաների ընդամենը կեսը․ - «Եթե ամբողջ մեր պատվերը տեղ հասնիև ամբողջ մեր աղբամանների թվաքանակը համալրվի և տեղադրվեն արդեն համապատասխան քարտեզագրման կետերում, ապա մենք ականատես կլինենք ամբողջովին լուծված աղբահանության խնդրի»:

Իսկ ինչ վերաբերվում է «Սանիթեք»-ի հետ հետագա համագործակցության հեռանկարին, ինչի մասին խոսում է ընկերության տնօրենը, փոխքաղաքապետը արձանագրել էր, որ իրենց վստահությունն այս ընկերության հանդեպ սպառված է․ - ««Սանիթեք» ընկերությունը բազմիցս մեզ ցուցադրել է այն որակները կառավարման և ֆինանսական, որը մեզ համոզում է մինչ օրս և այլև, որ «Սանիտեք» ընկերությունը վստահելի գործընկեր չի կարող լինել այս ոլորտում: Ուստի Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի, չուներ ամենաօպտիմալ մեկ այլ տարբերակ, որով կարողանար ավելի արագ կարգավորել այս խնդիրը, քան մենք կարողացանք»:

Թավիլը պնդում է, որ քաղաքապետարանն իրենց արդեն մի քանի ամիս ողջ գումարը չի փոխանցում: Մինչդեռ փոխքաղաքապետը «Ազատության» եթերում վստահեցրել էր, որ ամսական մոտ 440 մլն դրամը պատշաճ կերպով փոխանցում են և ուշացումներ չեն լինում։

Լիբանանցի գործարարն անդրադարձավ նաև քրեական գործի ընթացքին, որի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ «Սանիթեք»-ը խուսափել է հարկերից՝ պետբյուջե չփոխանցելով ավելի քան կես միլիարդ դրամ: Թավիլի խոսքով, չորս տարի առաջ իրենք դիմել են կառավարությանը՝ ԱԱՀ վճարելուց ազատվելու համար և դրական պատասխան են ստացել։

Ընկերությունն ի սկզբանե իր գործունեությամբ պայմանավորված հանդիսացել է ԱԱՀ վճարող, սակայն հետագայում «Սանիտեք»-ը գտել է, որ աղբի տեղափոխումը կարող է դիտարկել որպես բեռնափոխադրում, ինչի դեպքում, ըստ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի, կարող է ԱԱՀ չվճարել։

«Հաստատագրված վճարների մասին» օրենքը 2018-ի հունվարի 1-ից ուժը կորցրել է, իսկ «Սանիթեք»-ն առաջ է քաշել «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է․ - «Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը»։

Ըստ ՊԵԿ-ի, 2018-ի սկզբից մինչև նույն տարվա սեպտեմբեր «Սանիթեք»-ը շարունակել է աղբի տեղափոխման մասով իրեն համարել հաստատագրված վճար վճարող։

Թավիլը պնդում է, որ հեղափոխությունից հետո իրենք կրկին դիմել են կառավարությանը, որտեղից հաստատագրված վճար վճարելու թույլտվություն են ստացել․ - «Ըստ այդմ, ես գաղափար անգամ չունեմ, թե որտեիղ է ծագել այդ մեղադրանքը, որ մենք պարտք ենք կես միլիարդ դրամ»:

Մինչդեռ ըստ ՊԵԿ-ի, աղբի տեղափոխությունն աղբահանման գործընթացի մի առանձին բաղկացուցիչ մաս է և ներառվում է ընդհանուր աղբահանության ծառայության շրջանակներում: Դա առանձին բեռնափոխադրման տեսակ չի հանդիսանում, ուստի «Սանիթեք»-ի գործունեության աղբի տեղափոխության մասը հաստատագրված վճարների մասին օրենքով չի կարող դիտարկվել:

Ի դեպ, 30 րոպե տևած հարցարզույցի ընթացքում «Սանիթեք»-ի տնօրենը երևանցիներին պատճառած անհարմարությունների համար ներողություն չխնդրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG