Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները


Կառավարության նիստում այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի երեկվա խափանման պատճառները:

Վանեցյանն ասաց․ - «Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների հետ կապված և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ համակարգի խափանման պատճառները: Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խոր ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, չի եղե՞լ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ՝ արտաքին, ներքին պատճառ չկա:

Երեկ Հայաստանի որոշ մարզերում ու Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ տեղի ունեցան: Պաշտոնյաները հայտարարեցին, որ երկրի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետևանքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև՝ Երևանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ:

Հայտարարվեց նաև, որ չնայած նման մասշատաբային վթարին, համակարգի կայունությունը 70 տոկոսով ապահովված է․ էլեկտրաէներգիա է ներկրվել Վրաստանից և Իրանից:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն շնորհակալություն հայտնեց Իրանին ու Վրաստանին:

Ի դեպ, երեկ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, թեև, ըստ կառավարության լրատվական ծառայության, հայաստանյան էլեկտրաէներգետիկ համակարգի վթարը չի քննարկվել, այլ անդրադարձել են օրերս Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին, ինչպես նաև Իրան-ԵՏՄ համագործակցության զարգացմանը:

«Երեկ, գործնականում ժամը 20:00-ի կողմերը, արդեն ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը: Եվ ես ուզում եմ այս կապակցությամբ, դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ որ էներգետիկ համակարգը ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս մենք երբ որ մի ներդրումային ծրագիր էինք քննարկում աշխատանքային կարգով, և քննարկում էինք էդ փոխարկիչի հետ կապված խնդիրը, հենց մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչը ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ, պրակտիկ առումով էդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Բայց կարծում եմ, որ ընհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն: Ուղղակի պետք ա հասկանալ վթարի պատճառները: Երկու վարկած կա արտաքին: Ոնց որ թե ներքին վարկած չունենք էլ: Բայց պետք ա իսկապես քննել, հասկանալ, թե ինչն ա եղել պատճառը», - նշեց վարչապետը:

Էներգետիկ ոլորտը համակարգող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը նույնպես քննություն է սկսել՝ պարզելու վթարի պատճառը․ - «Կառավարության նիստից անմիջապես առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կգլխավորի փոխնախարար Հակոբ Վարդանյանը, հասկանալու համար, թե իրական պատճառները որոնք են եղել: Մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի, ես Ձեզ մանրամասն կզեկուցեմ»:

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի խոսքով, իրականում ոլորտի հայաստանցի մասնագետները երեկ գործել են արհեստավարժ և թույլ չեն տվել էներգետիկ համակարգի տրոհումը․ - «Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է իրանական համակարգից հաճախականային տատանման ալիքի տարածում Հայաստանի էներգահամակարգ, որը և բերեց այսպես կոչված հաճախականային բեռնաթափման ավտոմատների գործունեությանը: Ինը նորից շատ լավ հանգամանք է, որովհետև կուզենամ հիշեցնել, որ նմանօրինակ վթարների ժամանակ Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում, այդ վթարները համապատասխանաբար 2001, 2012, 2015 և 2018 թվականներին հասցրեցին այդ երկրների էներգահամակարգի լրիվ փլուզմանը: Ինչը տեղի չունեցավ Հայաստանում»:

Ըստ Մարջանյանի, դեռ 2005 թվականին հայ մասնագետները պնդում էին, որ Հայաստանի էներգահամակարգի կապը Իրանի հետ պետք է միջնորդավորված լինի հաստատուն հոսանքի կամրջակով․ - «Հաստատուն հոսանքի այդ կամրջակը թույլ չի տալիս հաճախականային ալիքների տարածումը համակարգից դուրս: Եթե մենք ունենայինք այդպիսի կապ, ապա Իրանի հաճախականային ալիքները չէին հասնի Հայաստան: Կուզենայի նաև նշել, որ 2009 թվականին Թուրքիա - Վրաստան կապի ստեղծման ժամանակ օգտագործվեցին հենց այդպիսի հաստատուն հոսանքի կամրջակներ, և Վրաստանի և Թուրքիայի էլեկտրական կապը բացառում է հաճախականային ալիքների փոխանցումը: Այդ ժամանակ Հայաստանը ունակ չեղավ էդպիսի կապ ապահովել Իրանի հետ թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառները դա Իրանի՝ պատժամիջոցների տակ գտնվելն էր: Իսկ սուբյեկտիվ հանգամանքները կայանում էին նրանում, որ մասնագետների կարծիքը այդ ժամանակ չհասավ վճիռ կայացնողների մակարդակ, երկրորդը, Հայաստանը այդ ժամանակ իր էներգետիկ ռազմավարության մշակումը և ծրագրերի իրականացումը բաշխել էր այլ, երրորդ ուժերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG