Մատչելիության հղումներ

Էլեկտրահամակարգում տեղի ունեցածի հստակ պատճառը դեռ հայտնի չէ. փոխնախարարը մի քանի վարկած նշեց


Կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյան, 10-ը հուլիսի, 2019 թ.
Կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյան, 10-ը հուլիսի, 2019 թ.

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Հայաստանի որոշ մարզերում և Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ են տեղի ունեցել: Հրատապ ասուլիս հրավիրած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասաց՝ Հայաստանի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետևանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն, այնուհետև երևանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ:

Փոխնախարարն, այդուհանդերձ, վստահեցրեց՝ Հայաստանում համակարգի կայունությունը 70 տոկոսով ապահովված է՝ էլեկտրաէներգիա է ներկրվում Վրաստանից ու Իրանից՝ հաճախականության տատանումներ չկան:

Տեղի ունեցածի հստակ պատճառ դեռ հայտնի չէ, փոխնախարարը մի քանի վարկած նշեց, դրանցից մեկը՝ իրանական համակարգում տեղի ունեցած համաժամանակյա վթարներն են:

«Միգուցե տեխնոլոգիական խնդիրն առաջացել է 5-րդ բլոկում, ինքն անջատվել է, հետո ցանցի միջոցով այդ տատանումները, հաճախականության խախտումները հասել են մյուս կայաններին, անջատվել են մյուսները։ Վարկած երկուս՝ հաճախականությունը եղել է իրանական կողմից, որովհետև պատկերացրեք՝ մենք սինխրոն կապի միջոցով կպած ենք Իրանին, այսինքն մեկ համակարգ ենք, մեկ ամբողջականություն է այս պահին իրանական էներգահամակարգի հետ։ Միգուցե էնտեղ է եղել խոշոր վթար։ Վարկած երեք՝ կարող է Երևանի ՋԷԿ-ում է տեղի ունեցել տեխնոլոգիական խնդիր, չնայած Երևան ՋԷԿ-ը արդեն հերքել է, բայց ուսումնասիրությունները ցույց կտան, թե որտեղ է եղել խնդիրը», - նշեց Հակոբ Վարդանյանը։

Վարկածների շարքում փոխնախարար Հակոբ Վարդանյանը չդիտարկեց հակերային հարձակումը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Երևան ՋԷԿ-ը վերագործարկվել է։ Փոխնախարարի խոսքով՝ կստեղծվի աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն, եթե մարդկային գործոն եղել է, համարժեք իրավական գնահատական կտրվի:

էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն «Ազատությանն» ասաց՝ համակարգային վերազինման կարիք կա: Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանի ատոմակայանը գտնվում է վերանորոգման փուլում, հիմնական բեռն իրենց վրա են վերցրել ջերմաէլեկտրակայանները՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը և Երևանի ջերմաէլեկտրակայանը:

«Երկուսն էլ ապահովում են Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման շուրջ 40 տոկոսը։ Քանի որ այժմ մի ժամանակահատված է, որը էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից պիկային է, ուստի այդ երկու օբյեկտները ի վիճակի չեն եղել ապահովելու կայուն էլեկտրամատակարարում։ Սրան գումարում ենք նաև այն, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների շուրջ 40 տոկոսը մեր հաշվարկների, արդեն մոտ 40 տարի է ինչ չի վերազինվել, մենք ստանում ենք այն պատկերը, որը այսօրվա դրությամբ ունենք», - ասաց Դավթյանը։

Հոսանքազրկումների ու հոսանքի տատանումների հետևանքով օրվա առաջին կեսին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքն էր խաթարվել, ուղևորները մի քանի րոպե մնացել էին գնացքներում: Հարազատներից ոմանք հավաքվել էին մետրոպոլիտենի Հրապարակի կայարանի մոտ ու փորձում էին տեղեկություն ստանալ նրանց մասին, մեր նակարահանման պահին մետրոյի գնացքներից մարդկանց տարհանում էին: Մեկ ժամ անց մետրոպոլիտենից փոխանցեցին, որ խնդիրը կարգավորված է՝ գանցքներում այլևս մարդիկ չկան, բոլորը տարհանվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG