Մատչելիության հղումներ

«Սա շատ կարևոր ազդակ է, որից պետք է շատ լուրջ հետևություններ անենք»․ էներգետիկ ոլորտի փորձագետ


Չորեքշաբթի օրը Հայաստանի որոշ մարզերում և Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ տեղի ունեցան: Պաշտոնյաները հայտարարեցին, որ երկրի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետևանքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև՝ Երևանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ: Հայտարարվեց նաև, որ համակարգի կայունությունը 70 տոկոսով ապահովված է, էլեկտրաէներգիա է ներկրվում Վրաստանից և Իրանից:

Տեղի ունեցած հստակ պատճառները դեռ հայտնի չեն, սակայն հնարավոր վարկածների շարքում չի դիտարկվում հաքերային հարձակումը:

Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Իրավիճակը, ես կասեի, մի փոքր ուռճացված է: Հայաստանի ատոմային էլեկտրակայանը գտնվում է այսօր վերանորոգման պայմաններում՝ ռուսական վարկի շրջանակներում, և Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելի համաձայն՝ երբ ատոմակայանը կանգնեցվում է մոդեռնիզացման աշխատանքների համար, հիմնական բեռն իրենց վրա վերցնում են ջերմաէլեկտրաէներգետիկ օբյեկտները՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը և Երևանի ջերմաէլեկտրակայանը: Երկուսն էլ ապահովում են Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման շուրջ 40 տոկոսը: Եվ քանի որ այժմ մի ժամանակահատված է, որը էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից պիկային է, ուստի այդ երկու օբյեկտները ի վիճակի չեն եղել ապահովելու կայուն էլեկտրամատակարարում: Սրան գումարում ենք նաև այն, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների շուրջ 40 տոկոսը, ըստ մեր հաշվարկների, արդեն մոտ 40 տարի է ինչ չի վերազինվել, մենք ստանում ենք այն պատկերը, որը այսօրվա դրությամբ ունենք»:

«Սա շատ կարևոր ազդակ է, որից հետո մենք պետք է, իհարկե, շատ լուրջ հետևություններ անենք», - շեշտեց փորձագետը:

«Եվ երկրորդ, եթե խոսքը գնում է արդեն կոնկրետ տնտեսական քաղաքականության մեխանիզմների մասին, ապա, իհարկե, նաև ռուսական ներդրումների արդյունավետության վերահսկողության հստակ մեխանիզմների ձևավորման մասով», - ասաց Դավթյանը՝ պարզաբանելով, որ խոսքը մասնավորապես Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունավետության գնահատման մասին է:

Հարցին՝ ոչ մի կասկած չի՞ առաջացրել այն փաստը, որ Երևանի ՋԷԿ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը գրեթե միաժամանակ են անջատվել, փորձագետն արձագանքեց․ - «Դրանք սինխրոնիզացված են, մենք գործ ունենք համալիր համակարգի հետ, այստեղ առաջին հայացքից է թվում, թե կարող է լինել դա առանձին օբյեկտներ և դրանք ավտոնոմ օբյեկտներ են, իրականում դրանք սինխրոնիզացված համակարգեր են»:

«Ջերմաէներգետիկ մասով մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի նմանատիպ իրավիճակներ չստեղծվեն՝ խոսքը, մասնավորապես, գնում է Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցման մասին, որի աշխատանքները արդեն սկսվել են: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ երբ ավարտվեն աշխատանքները 2020 թվականին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մոդեռնիզացմանն ուղղված, ապա մենք նմանատիպ իրավիճակներից թերևս կկարողանանք խուսափել: Մոտավորապես մեկ տարի տևելու է այս գործընթացը՝ ատոմակայանի մոդեռնիզացման, ուստի այս առումով գոնե այս մեկ տարվա համար մենք պետք է կարճաժամկետ լուծումներ գտնենք անվտանգությունն ապահովելու համար: Այս պահին, ինչպես ցույց են տալիս իրողությունները, ատոմակայանի մոդեռնիզացման աշխատանքների և դրա հետևանքով կանգնեցման պատճառով մենք ունենում ենք նմանատիպ խնդիրներ», - ասաց Վահե Դավթյանը:

«Բարեբախտաբար, մենք ունենք հիդրոէներգետիկա, բարեբախտաբար, մենք ունենք ավելցուկային հզորություններ, որոնց առկայության պայմաններում մենք փաստորեն այսօր չհայտնվեցինք այսպես կոչված բլեքաութի պայմաններում, այսինքն՝ մեր ավելցուկային հզորությունները մեզ թույլ տվեցին, այնուամենայնիվ, ապահովել քիչ թե շատ կայունություն, և մենք չհայտնվեցինք խորքային ճգնաժամի պայմաններում», - ամփոփեց էներգետիկ ոլորտի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG