Ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե մյուս հատվածում հավաքված քաղաքացիները գումարի դիմաց են եկել: Պնդեցին, թե փաստեր ունեն:
Քոչարյանի աջակիցները հերքեցին` հայտարարելով, թե իրենք հանուն գաղափարի են եկել: Ավելին պնդեցին, որ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցներն են գումար վերցրել․ - «Բացահայտ սուտ է: Խնդրում եմ էն անձինք, ովքեր նման հերյուրանքներ են տարածում, իբր գումար են բաժանում, անձնագիր են հավաքում, նույնիսկ ասացին, որ ստիպողաբար ոմանք բերվել են ստեղ: Բոլոր էդ տեղեկությունները փաստացի հերքել ենք: Խնդրել ենք, որ այն անձինք, ովքեր նման տեղեկատվություն տարածում են, թող ներկայանան, փաստերով խոսեն»:
Մարտի 1-ի 10 զոհերի հարազատներից երկուսը ևս դատարանի դիմաց էին:
Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը նախորդ օրերին իրադարձություններին համացանցով էր հետևում․ - «Էսօր էդ արյունոտ փողերն են ուտում: Իրանք էսօր ամեն կերպ ուզում են արդարացնեն: Ո՞նց կարելի ա հանցագործությունն արդարացնել: Ռոբերտ Քոչարյանի օրոք ես վեցը տարի կռվել եմ, մի հատ ՏՕԶ տիպի հրացանի համար ինձ դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման: Ինչի՞: Ամեն ինչ արել են, ամեն ինչ գողացել են, թալանել են, մեր ժողովրդին, շատ կներեք, բռնաբարել են, էսօր ուզում են արդարությունը հաստատե՞ն: Մենք հավատում ենք հեղափոխությանը, հեղափոխության կազմակերպիչներին ու շատ վստահ ենք, որ Մարտի 1-ը վերջապես կբացահայտվի, բոլոր հանցագործները կպատժվեն»:
10 զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյան ևս հույս ունի, որ նոր իշխանությունների օրոք կբացահայտվեն մարտի մեկի արյունալի իրադարձությունների պատասխանատուները․ - «Տասնմեկ տարի ա պայքարում ենք մաքրության, բացահայտումների․․․ այսինքն բացահայտման դժվարություն չկա, բացահայտված ա: Եթե բացահայտված չլիներ, էս ժողովուրդը ձեզ վկա: Վերջը պիտի լինի մի բան, որ մեր Հայաստանի ժողովուրդը մի քիչ գոնե կարանան գիշերը գլուխները դնեն բարձի վրեն, մտածմունք չունենան»:
Օրերս դատարանում վնասվածք ստացած Վարդգես Գասպարին այսօր ևս փորձեց դատարան մտնել: Առաջին փորձն անհանջող էր. ոստիկանները նրան չթույլատրեցին` պատճառաբանելով, որ անվտանգ չէ: Տարածքը Քոչարյանի աջակիցներն էին շրջափակել: Ավելի ուշ, ուժեղ հսկողությամբ Գասպարին մտավ դատարանի տարածք, բայց ոչ նիստերի դահլիճ: Նրան չթողեցին մասնակցել նիստին, քանի որ ձեռքին ջրի շիշ կար և պաստառ:
«Անվտանգության հետ կապված խնդիր չկա այստեղ: Սա պաստառ չի, սա Ա4 ֆորմատի թուղթ ա: Ենթադրենք էստեղ մի բան էլ կա ցուցադրելու: Սա շատ սովորական քաղաքացու, դատավարության մասնակցի վերաբեմունք ա: Էդ մարդիկ ամեն տեղ վանկարկում են, ինչ-որ բան են անում, իրանց վերաբերմունքն են արտահայտում, ես էլ չեմ ուզում վանկարկեմ, այլ միայն Ա4 ֆորմատի չափով ուզում եմ իմ վերաբերմունքը արտահայտել: Եթե չի թույլատրվում, ես էլ, բնական ա, չմտա ու դուրս եկա», - նշեց քաղաքացիական ակտիվիստը:
Օրվա ընթացքում դատարանի առջև մերթընդմերթ իրավիճակը լարվում էր: Կողմերը մեկմեկու վիրավորում էին ու բանը հասավ անգամ հայհոյանքներին:
Չնայած նիստը մոտ էր ավարտին, դատարանի առջև հավաքվածների մի մասը դեռ մնում էին այնտեղ: Ավելի ուշ, երբ հայտնի դարձավ` նիստը հետաձգվել է, երկու կողմերում գտնվողները քիչ-քիչ հեռացան դատարանի բակից: