Մատչելիության հղումներ

«Ես դեմ եմ ցանկացած բռնությանը». Լևոն Քոչարյանը՝ երեկվա միջադեպի մասին


«Ես դեմ եմ ցանկացած բռնությանը», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ դատարանում Քոչարյանի աջակիցների ու ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Ցավում եմ էդ ամեն ինչի համար, միանշանակ դեմ եմ բռնությանը, դեմ եմ ցանկացած բռնությանը, իհարկե, այն, ինչ եղավ, իմ սրտով չէր», - ասաց Լևոն Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե ասելիք չունի՞ իրենց աջակիցներին, պաշտոնաթող նախագահի որդին պատասխանեց. - «Ես ուղղակի ասում եմ, որ բռնությանն ընդհանրապես դեմ եմ, բայց նաև պրովոկացիային եմ դեմ. եթե մարդ գալիս է մի տեղ, որտեղ մի մարդու հարգում, սիրում են, ու ինչ-որ պաստառներ է բարձրացնում՝ վիրավորող, դրա համար ինչո՞ւ չեք հարցնում։ Ինքն իր կարծի՞քն է արտահայտում, իսկ ես էլ կարո՞ղ եմ իր դիմաց կանգնել և իմ կարծիքը հայտնեմ։ Էն մարդիկ էլ իրենց կարծիքն են հայտնել, ի՞նչ անեմ: Բայց բռնությանը դեմ եմ միանշանակ»։

Լևոն Քոչարյանն այսօր եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայր՝ ներկա լինելու հոր գործով դատավարությանը։

Երեկ Երևանի դատարանում մեկնարկեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին նախնական դատական նիստը։ Դատավարությունն ավելի լարված ընթացավ դահլիճից դուրս. դատարանի մոտ հավաքված Քոչարյանի աջակիցները արգելում էին այլ քաղաքացիների մուտք գործել նիստերի դահլիճ, ինչի հետևանքով պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր սկսվում: Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը: Գասպարին պնդեց՝ շշով հարվածել են իր դեմքին: Ոստիկանները դատարանի շենքից դուրս հանեցին կողմերին, և միջադեպը շարունակվեց դատարանից դուրս:

Ոստիկանությունն այսօր հաղորդեց, որ պարզվել է միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը, նրանցից 3-ը բերման են ենթարկվել, իսկ 2-ը ներկայացվել են ոստիկանություն, կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG