Մատչելիության հղումներ

Ոստիկաններն «անվտանգության նկատառումներից ելնելով» թույլ չեն տալիս Գասպարիին մտնել դատարան


Վարդգես Գասպարին դատարանի շենքի մոտ, Երևան, 15-ը մայիսի, 2019թ․
Վարդգես Գասպարին դատարանի շենքի մոտ, Երևան, 15-ը մայիսի, 2019թ․

Ոստիկանները, ինչպես իրենք են հայտարարում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տալիս ակտիվիստ Վարդգես Գասպարիին մտնել դատարան և ներկա գտնվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը։

«Իրանք հորդորում են, քանի որ չեն կարող իմ անվտանգություն ապահովել, չմտնել դատարան։ Շատ տխուր է, որ ոստիկանությունը քրեական տարրերից չի կարողանում պաշտպանել քաղաքացուն և ինքը հորդորում է, որ ոչ թե քրեական հանցագործներին կանխի, այլ փորձում է քաղաքացուն հեռու պահի քրեականներից։ Սա նշանակում է, որ Քոչարյանի քրեական կողմնակիցները որքան ուժեղ են իրականում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարին՝ նշելով, որ ամեն դեպքում փորձելու է մտնել և ներկա լինել նիստին։

Մայիսի 13-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստի ժամանակ դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր տեղի ունենում: Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարիին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը: Քաղաքացիական ակտիվիստը պնդում է, որ շշով հարվածել են իր դեմքին:

Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունը երեկ հաղորդեց, որ միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանցից 3-ը բերման են ենթարկվել, իսկ 2-ը ներկայացվել են ոստիկանություն, քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: Քննչական կոմիտեն այսօր գործն ընդունել է վարույթ։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր քիչ անց կշարունակվի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը։

Զուգահեռաբար՝ դատարանի բակում բողոքի ակցիաներ են իրականացնում Քոչարյանի կողմնակիցներն ու նրա ընդդիմախոսները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG