Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե երկու օր առաջ «Օլիմպավանից» մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին ոչ թե ծեծվել է, այլ պատահաբար սայթաքել:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կողոսկրի կոտրվածքով ու այլ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 50-ամյա տղամարդը պատմել է, որ հուլիսի 2-ի երեկոյան «Օլիմպավանում» ծագած վեճից հետո իրեն հարվածել է օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ապա նաև նրա անվտանգության ղեկավարն ու ևս մեկ անձ: Այդուհանդերձ, տուժած քաղաքացու կինը երեկ լրագրողների հետ զրույցում պնդել է, որ իր ամուսինը ոչ թե ծեծվել է, այլ ընդամենը սայթաքել:
Այսօր «Ազատության» հետ զրույցում ոստիկանապետն այս պնդման վերաբերյալ տարակուսանք արտահայտեց: «Եթե կարելի է սայթաքել ու էդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա: Այսինքն՝ հանրապետությունում ամեն երրորդը կարող է նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է: Առաջին օրը մենք ամրագրել ենք [որ ծեծ է եղել] տուժողի հայտարարության հիման վրա: Հենց տուժողն է այդ մասին հայտարարել: Թե հետո ինչ եղավ, դուք արդեն կարող եք ինքներդ հասկանալ»,- ասաց Օսիպյանը:
Միջադեպից հետո դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Ըստ իրավապահների՝ տուժողը նաև հայտնել էր, որ «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպին ներկա է եղել նաև Արտակարգ իրավիճակների նախարար, Ծառուկյանի քաղաքական թիմի անդամ Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս, սակայն այսօր պնդեց, որ ոչինչ չի տեսել․ «Ձեր նշած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես»:
Տուժող Վյաչեսլավ Հարությունովը իրավապահներին պատմել է, որ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող իր որդին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է: Նրան հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։
Չնայած Ոստիկանությանը տված պարզաբանումներին՝ հիվանդանոցում գտնվող Հարությունովը երեկ «Կենտրոն» հեռուստաընկերությանն ասել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, որևէ բողոք չունի նրա դեմ՝ հաստատելով պնդումը, որ ոչ թե ծեծվել է, այլ պարզապես սայթաքել:
«Դե ընկել եմ, բա ինչ եմ արել: Ես մի բան գիտեմ, որ ոչ մի պրետենզիա չունեմ: Դուրս կգամ հիվանդանոցից, Ծառուկյան Գագոյի կտենամ, կխոսենք, ինչ փաստելու ա՝ կփաստեմ: Էղել, անցել, գնացել ա, ինչ են սրան էսքան պալիտիչեսկի ակրասկա տալիս: Ծառուկյանին ես 100 տարի գիտեմ, ինքը ինձ ա հարգում, ես էլ իրան: Իրար չենք հասկացել, ի՞նչ են ուզում»,- ասել է Վյաչեսլավ Հարությունովը:
Հաշվի առնելով միջադեպին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցությունը, գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ արդեն վարույթ է ընդունվել: Այսօր ՀՔԾ-ից «Ազատությանը» հայտնեցին, որ նույնիսկ եթե տուժողը բողոք չունի՝ գործն այդ հիմքով չի կարճվելու, քանի որ այն հարուցված է առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով: