Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանին և նրա կնոջը փողերի լվացման գործով առաջադրված մեղադրանք դեռևս չկա. ՀՔԾ մամուլի խոսնակ


Ապօրինի հարստանալու մեղադրանքով կալանավորված Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը այժմ էլ կասկածվում է փողերի լվացման մեջ։

Ապօրինի հարստանալու մեղադրանքով կալանավորված Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը այժմ էլ կասկածվում է փողերի լվացման մեջ։

Նախաքննության տվյալների համաձայն, ամուսիններ Վաչագան Ղազարյանն ու Ռուզաննա Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը և 2013 - 2018 թվականի մայիսին ընկած ժամանակահատվածում խուսափել են ավելի քան 771 մլն դրամի հարկերից։ Ըստ ՀՔԾ-ի, ամուսինները նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք որպես ավանդ ներդրել են հայաստանյան բանկերում և տոկոսագումարներով եկամուտներ են ստացել, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

Ղազարյանի փաստաբանը ՀԾՔ հաղորդագրությունից է տեղեկացել հարուցված քրեական գործի մասին և ասում է՝ իր համար հասկանալի չէ փողերի լվացման ներկայացված մեխանիզմը։

«Հրապարակային հայտարարություններ են անում, բայց դրանց համապատասխան հիմքերը և հիմնավորումները, համենայն դեպս մեզ համար այս պահին անհայտ են։ Երբ հայտարարում են, որ առկա է չարաշահում հարկային, նվազագույնը պետք է ունենան հարկային մարմնի վերջնական եզրակացություն, գոնե այդ պայմաններում հրապարականյին հայտարարություն անեն։ Բայց այս պահի դրությամբ նույնիսկ այդ մասով առկա չէ հարկային մարմնի կողմից, ով արձանագրել է խախտում, վերջնական եզրակացություն չկա», - ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Փաստաբանը պնդմամբ՝ եթե ժամանակին Վաչագան Ղազարյանի ընտանիքին պատկանող ընկերություններում սխալ հարկային հաշվառում է եղել, իրենք պատրատ են ճշգրտումների արդյունքում առաջացած լրացուցիչ հարկային պարտավորությունները կատարել։ Հերքում է, որ Վաչագան Ղազարյանը որևէ առնչություն ունի «Յանս» ընկերության հետ։

«Եթե առկա է հարկային խախտում կամ հարկային օրենսդրությամբ սահմանված ինչ-որ հարկերից վճարելուց խուսափելու դեպքեր, ապա դա ինչպե՞ս է դառնում փողերի լվացում, ինչպե՞ս են համարում, որ առկա է այստեղ փողերի լվացման հանցակազմ․․․ ինձ համար անհասկանալի է նվազագույնը համակարգային տեսանկյունից։ Այս պահին իրավական մեր դաշտում իրականության մեջ երբեք նման դեպք գրանցված չի եղել։ Բայց բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ որ հարկերից խուսափող մարդիկ, նույնիսկ պատիժ են կրել այդ մասով, կալանավորվել են, հետագայում նաև վերականգնվել են վնասները և այլն, և այլն։ Սա մեկ, և երկրորդը կապված է «Յանս» ռեստորանային համալիրում առկա չարաշաումներին, այստեղ մի հատ կարևոր խնդիր կա․ արդյո՞ք ասելով «Յանս» ռեստորանային համալիրի չարաշահում, կարող ենք դա կապել Ղազարյան ընտանիքի հետ, թե՞ չէ։ Սա էլ կարևոր խնդիր է, որովհետև այն ընկերությունը, որտեղ որ հարկային մարմինների կողմից հարկային չարաշահումներ են հայտնաբերվել, որևէ առընչություն չունի Ղազարյան ընտանիքի հետ», - ընդգծեց փաստաբանը։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Վաչագան Ղազարյանին և նրա կնոջը փողերի լվացման գործով առաջադրված մեղադրանք դեռևս չկա, նախաքննությունը շարունակվում է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս գործերում էական է համարում Վաչագան Ղազարյան կապը Սերժ Սարգսյանի հետ՝ համարելով դա երկրում եղած համակարգային կոռուպցիայի ևս մեկ ապացույց․ - «Փողերի լվացման մեջ մեղադրվում է մի անձ, որը շատ մոտ է եղել Սերժ Սարգսյանին։ Բնականաբար ենթադրել, որ սեփական նախաձեռնությամբ է կամ չունենալով հովանավորություն, կամ աջակցություն կարող էր նման գործողություն կատարել, միամտություն կլինի կարծել, բայց անմեղության կանխավարկածից ելենելով՝ առայժմ, իհարկե մենք ենթադրություններ կարող ենք ընդամենը անել, բայց ոչ պնդումներ»։

Իրավապաշտպանը կարևոր է համարում նաև փողերի լվացման գործում բանկերի ներգրավվածության հարցը։ Նվազագույնը, ըստ նրա, անգործության խնդիր է առաջանում։ ՀՔԾ -ից տեղեկացնում են, որ բանկերի ներկայացուցիչները որևէ կարգավիճակով դեռևս ներգավված չեն գործում։

«Վերջիվերջո բանկային փոխանցումներ են, և այստեղ, իհարկե, Կենտրոնական բանկը նույնպես պետք է լուրջ հարցերի պատասխանի, թե ինչքանով է ինքը վերահսկողություն իրականացնում առևտրային բանկերի կողմից նման փոխանցումների հետ կապված գործարքների նկատմամբ։ Առավել կարևոր է հենց բանկային համակարգում կամ բանկային համակարգի դերը փողերի լվացման բնագավառում, որովհետև տեղեկատվությունը իրենք են տնորինում», - ասաց իրավապաշտպանը։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել։ Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։

Նշենք, որ Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:

XS
SM
MD
LG