Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակում կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին օգոստոսի 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ «նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է»: Այդ մասին այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:
«Այսպես, Ռ. Բեգլարյանը 2018թ. մայիսի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում, ինչպես և 2014, 2015, 2016 թվականներին, անփոփոխ հայտարարագրել է 25.000.000 ՀՀ դրամ, 29.000 ԱՄՆ դոլար և 17.400 եվրո դրամական միջոցներ: Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանն իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 350.817.000 ՀՀ դրամի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, հետևաբար՝ վերջինս ապօրինի հարստացել է», - ասված է հաղորդագրությունում:
Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
ՔՕ 314․3-րդ հոդվածի 2-րդ մասը 2-4 տարվա ազատազրկում է նախատեսում «հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը», իսկ 310.1-ին 1-ին մասով «ապօրինի հարստանալու» համար սահմանված է 3-6 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ում նույնպես մեղադրանք է առաջադրված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար, ձերբակալվել էր հունիսի 25-ին, ապա կալանավորվել էր, սակայն մոտ մեկ ամիս անց ազատ արձակվեց 5 միլիարդ դրամ գրավի դիմաց: