Նախաքննական մարմինը առայժմ չի մեկնաբանում, թե մասնավորապես ինչ լրացումներ է կատարել։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ են ՀՔԾ-ից ստացել լրացման մասին տեղեկատվությունը․ - «Ավելացված են դրվագներ, տվյալներ, որոնք վերաբերում են Մարտի 1-ի գործին ընդհանրապես, բայց թե ինչ կապ ունեն այդ դրվագները Քոչարյանի հետ, այդ մասով, կարծես թե, լրացված ծավալով որևիցե հստակեցում չկա: Մենք հենց այդ պատճառով էլ դիմել ենք վարույթն իրականացնող մարմին, որպեսզի մեղադրանքը հստակեցնեն»:
Փաստաբանը շեշտեց, որ այս վերջին լրացումը չի նշանակում, թե Քոչարյանի մեղադրանքը խստացվել կամ մեղմացվել է․ - «Առաջադրված մեղադրանքը նույն հոդվածով է շարունակում մնալ․ ընդամենը լրացուցիչ գործողություններ այլ դրվագներով»:
Հովհաննես Խուդոյանի պնդմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանի մեղադրանքը լրացրել է նոր բացահայտումների հիման վրա։ Ելնելով նախաքննության շահերից՝ նա չմանրամասնեց, թե ինչ բացահայտումների մասին է խոսքը․ - «Դրանում ավելացվել են ընդամենը դրվագներ, որոնք ենթադրաբար Հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումների շրջանակներում տվյալներ է ձեռք բերել՝ կապված տարբեր դրվագների հետ: Եթե հետագայում կփորձեն որևիցե կերպ հիմնավորել, որ այդ դրվագների հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն ունենա, կանդրադառնանք այդ մեղադրանքին, կփորձենք ներկայացնել մեր դիրքորոշումները դրա դեմ»:
ՀՔԾ-ն վերջին շրջանում «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ նոր հայտարարություններով հանդես եկավ: Մասնավորապես, հոկտեմբերի 31-ին այս գործով մեղադրյալ ներգրավվեց «Մարտի 1-ի» գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը՝ «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու համար»: Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ավելի վաղ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հայտնի ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե 2008 թվականի մարտի 1-ին բանակը կրակել է Լեո փողոցի տների ուղղությամբ։ Խաչատրյանը նաև հրապարակել էր մի մատյան, որտեղ նշված են եղել գումար ստացած զինվորների անունները։ Խաչատրյանի խոսքով՝ այդ օրերին զինվորներին վերածել էին վարձկանների։
ՀՔԾ պետը խոսել էր ևս մեկ բացահայտման մասին. 0038 հայտնի հրամանից հետո, երբ Երևանում էին հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, սահմանում շաբաթներով կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի, և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, ինչի հետևանքով նաև դիվերսիա էր եղել։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ամիսներ առաջ հայտարարել էր, թե բանակը զորանոցային վիճակի բերող 0038 հրամանի մասին երկրորդ նախագահը տեղեկացել է միայն այս քրեական գործում ներգրավվելու հետո։
«Քոչարյանը հրաման տվել էր, որ ապահովեր զորքի չմիջամտելը», - հայտարարել էր Ալումյանը։
Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները արդար դատաքննության իրավունքի, դրա հետ կապված անմեղության կանխավարկածի խախտումներ արձանագրելու խնդրանքով մեկ շաբաթ առաջ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հովհաննես Խուդոյանը պնդեց, որ կառավարությունը ոչ միայն չի ապահովել Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այլև ինքն է խախտել այն:
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ: