Մատչելիության հղումներ

Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է. ՀՔԾ պետ


Բանակի ներգրավվածությունը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերին առավել քան հիմնավոր է, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Ազատության» հարցին, թե ո՞ւմ հրահանգով, ցուցումով է դա արվել, Խաչատրյանը պատասխանեց. - «Իհարկե կան կասկածներ, բայց ես դրանց մասին չեմ բարձրաձայնի, քննություն է կատարվում այդ ուղղությամբ, արդյունքների դեպքում անպայման կտեղեկացնեմ»։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

ՀՔԾ-ն նաև հաղորդեց, որ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Հարցին, թե այդ 1000 պարկուճները կրակված են եղել բանակի՞ զենքերից, ՀՔԾ պետն այսօր պատասխանեց. - «Ես հիմա չեմ կարող ասել, որ այդ բոլոր 1000-ն էլ բանակի զենքերից են եղել, բայց ապացույցները խոսում են այն մասին, որ առնվազն 1000 պարկուճ փոխվել է. իրեղեն ապացույց հանդիսացող 1000 պարկուճներ փոխարինվել են Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։ Ներքին զորքերի այդ զենքերը կան», - ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ այդ մասին նաև զինվորականներից ցուցմունքներ ունեն։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավար նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։

Հուլիսի սկզբին ՀՔԾ-ն հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG