Մատչելիության հղումներ

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի ձայնագրության հրապարակման գործով Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ չի տրվել


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, օգոստոս, 2018թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, օգոստոս, 2018թ․

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժվել է: Այս մասին հաղորդում է նախկին նախագահի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը, ով ներկայացրել էր միջնորդությունը:

«Միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը: Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել», - ասված է Խուդոյանի հաղորդագրությունում:

Նախկին նախագահի ներկայացուցիչը հայտնում է նաև, որ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն Հայաստանի գլխավոր դատախազին:

Սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Նույն օրը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները համատեղ ասուլիսով հանդես եկան, որի ժամանակ հաստատեցին՝ ձայնագրությունում իրենք են զրուցում:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի՝ «անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը», և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՝ «համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով», հատկանիշներով: Օրեր անց Գլխավոր դատախազությունը տվյալ փաստով նոր գործ հարուցեց ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG