Խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ - «Անձամբ ես չեն քվեարկելու պարոն Փաշինյանի օգտին»:
Գործող Ազգային ժողովը կարձակվի, եթե խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ, ինչն էլ հենց ծրագրել է Նիկոլ Փաշինյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի խոսքով, վաղը բոլորին են կոչ անելու չընտրել Փաշինյանին, քանի որ իրենց նպատակը գործող խորհրդարանի լուծարումն է։
Փաշինյանի հրաժարականից հետո կարծիքները տարբեր էին՝ առաջադրե՞լ վարչապետի թեկնածու, թե՞ խորհրդարանի արձակման համար առաջադրելն ու չընտրելը պարտադիր քայլեր չեն։
«Ելք»-ի պատգամավորների խոսքով՝ իրավաբանները խորհուրդ են տվել, թե թեկնածու առաջադրելն է ճիշտ։
Նիկոլ Փաշինյանն այս պահին վարչապետի պաշտոնակատարն է: Վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց մեկ շաբաթ առաջ, որպեսզի դեկտեմբերի սկզբին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
«Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և մեր նպատակն է պարզապես ապահովել սահմանադրական ընթացակարգը, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան: Տարբեր մեկնաբանություններ կան: Որպեսզի այդ ամեն ինչից խուսափենք, մենք որոշեցինք առաջադրել: Վաղը տեղի կունենա նիստը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը:
Հարցին, թե ինչպես են ապահովելու, որպեսզի թեկնածուն չընտրվի, Նազարյանն արձագանքեց․ - «Ինձ թվում է, այս ընթացքում արդեն պայմանավորվածությունները շատ հստակ եղել են, հայտարարություններ են արվել, և մենք գնում ենք Ազգային ժողովը լուծարելու ճանապարհով»:
Խորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու կարող էին առաջադրել մինչև այսօր երեկոյան 6-ը։ Ազգային ժողովի Հանրապետական, «Ծառուկյան» և Դաշնակցություն խմբակցությունները վստահեցրել էին, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
Ազգային ժողովի քարտուղարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ միակ թեկնածուն Փաշինյանն է: Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի վաղն առավոտից:
Լենա Նազարյան․ - «Կլինի [Փաշինյանի] ելույթ, հարց ու պատասխան, ինչպես որ կարգն է»:
«Ելք»-ում չեն կարծում, թե անակնկալներ կլինեն․ հիմք են ընդունում մյուս խմբակցությունների այս օրերի հայտարարությունները։
Ալեն Սիմոնյանի խոսքով, եթե անգամ Հանրապետականը որոշի ընտրել Փաշինյանին վարչապետի պաշտոնում, չի հաջողի․ - «Վստահ չեմ, որ իրենք ցանկության պարագայում կարողանալու են 53 ձայնը ապահովեն: Եվ դա նաև համարում եմ ոչ խելամիտ քայլ, որովհետև դա խելագարության կանխավարկածն է»:
«Ծառուկյան» խմբակցությունը, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, չի քվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին․ - «Կարծում եմ, «Ելք»-ը ևս չի քվեարկելու, որպեսզի այն քաղաքական օրակարգը, որ ներկայացվել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից՝ խորհրդարանի ինքնալուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հնարավոր լինի իրագործել: Եթե քվեարկենք, և Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ, ապա խոսք չի կարող լինել խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»:
ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանն ասաց, թե վաղվա անելիքը չեն քննարկել, բայց չի կարծում, թե կխանգարեն գործընթացին․ - «Պարզապես անհասկանալի է․ մի դեպքում պայքարում են, պաշարում են և պահանջում են որպես վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ հակառակը՝ պաշարելու են, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանին չընտրենք: Ամեն դեպքում, իհարկե, ես չեմ գտնում, որ մենք կգնանք խափանման ճանապարհով»:
Ազգային ժողովի հանրապետական նախագահ Արա Բաբլոյանը հավաստիացրեց, թե վաղը ցնցումներ չեն լինի․ - «Կարծում եմ կկանոնակարգվի ամեն հարցերը այնպես, որպեսզի որևիցե մի ցնցում չառաջանա»:
Եթե վաղը Խորհրդարանը վարչապետ չընտրի, քվեարկությունից յոթ օր հետո կանցկացվի վարչապետի նոր ընտրություն: Ազգային ժողովը կարձակվի երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում։