Վաղը երեկոյան լրանում է խորհրդարանական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: Առ այս պահը որևէ թեկնածու չի առաջադրվել: Գլխավոր խնդիրը, սակայն, այս պահին այն է, թե արդյոք ըստ Սահմանադրության պե՞տք է թեկնածու առաջադրել, թե՞՝ ոչ:
Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Առ այս պահը հստակ չէ, թե ինչպիսի տարբերակ կընտրվի՝ Նիկոլ Փաշինյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞՝ ոչ: Ի վերջո, ինչպես նշվում է Սահմանադրության մեջ, անհրաժե՞շտ է քվեարկություն, իսկ դրա համար նաև՝ թեկնածուի առաջադրում, որպեսզի խորհրդարանի լուծարման գործընթացը տեղի ունենա, թե՞՝ ոչ: Իրավաբանների տեսակետներն այս հարցում տարբերվում են:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, գործող Սահմանադրության հեղինակներից Գևորգ Կոստանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ իր կարծիքով, թեկուզ եթե թեկնածու չառաջադրվի և անգամ եթե քվորում չապահովվի, երկշաբաթյա ժամկետից հետո խորհրդարանը պետք է լուծարվի:
«Սահմանադրական համապատասխան նորմում գրված է, որ քվեարկությունից յոթ օր հետո չընտրվելու դեպքում, այսինքն՝ տրամաբանորեն ստացվում է, որ պետք է լինի քվեարկություն, այսինքն՝ առաջին յոթ օրը լրանալուց հետո պետք է լինի քվեարկություն, քվեարկությամբ չընտրվի, նոր հետո գնա երկրորդ ժամկետը: Բայց էս նորմը պետք է բովանդակային քննարկման առարկա դառնա՝ ինչ տեսակետից․ ո՞րն է այս նորմի նպատակը՝ այս նորմի նպատակը նա է, որպեսզի երկիրը 14 օրից ավել առանց վարչապետ չմնա», - ասաց Կոստանյանը՝ շարունակելով․ - «Հիմա հիպոթետիկ պատկերացնում ենք իրավիճակներ, երբ որ խմբակցություններից ոչ մեկ թեկնածու չի առաջադրում, ընդունենք, տարբերակ առաջին, ի՞նչ է տեղի ունենում՝ սահմանադրական կարգավորումը զրո է էս առումով: Տարբերակ երկրորդ՝ պատկերացրեք, որ թեկնածու առաջադրվում է, բայց քվորում չի լինում՝ այ, ոնց որ էսօր, օրինակ, ի՞նչ է տեղի ունենում: Եվ սենց, հատկապես էն պայմաններում, երբ որ պառլամենտում չկա մեծամասնություն, կարող է անվերջ տևել»:
«Այսինքն, իմ կարծիքով, խնդիրը վերաբերում է էնպիսի, որ թեև, այո, Սահմանադրության նորմի մեջ գրված է՝ ուղիղ քվեարկությունից յոթ օր հետո, բայց, այնուամենայնիվ, նորմի բովանդակային, համակարգային մեկնաբանությունը պետք է բերի նրան, որ կքվեարկվի թե չի քվեարկվի, քվորում կլինի թե չի լինի, առաջադրում կլինի թե չի լինի, 14 օրը լրացավ՝ վերջ», - ընդգծեց պատգամավորը:
«Ազատության» հարցին՝ «չե՞ք կարծում, որ քվեարկություն բառը կարող է առանցքային դերակատարություն ունենալ, և ի վերջո պարզվի, որ հակասահմանադրական էր առանց քվեարկության խորհրդարանը տանել լուծարման», Գևորգ Կոստանյանը արձագանքեց․ - «Հենց, տեսեք, ես դրա համար ասեցի, որ իմ կարծիքն է էդպիսին, հենց ինչով պայմանավորված՝ պայմանավորված նրանով, որ, այո, քվեարկություն բառը կա, ես չեմ ժխտում քվեարկություն բառի առկայությունը, բնականաբար, որովհետև հնարավոր էլ չի ժխտել: Շատ լավ, քվեարկությունը չեղավ, բայց մենք ունենք ևս երեք հնարավոր իրադրություններ, ասեցի Ձեզ՝ քվորում չլինի, հիմա ինչ՝ էս երկրում ընդհանրապես վարչապետ չենք ունենալո՞ւ, ասենք՝ երկու տարի»:
Նշենք, որ խորհրդարանական «Ելք» խմբակցությունում նույնպես չգիտեն՝ ի վերջո վարչապետի թեկնածու առաջադրելու են, թե ոչ: Խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց՝ այդ հարցը ունի մեկ պատասխան՝ «առանց մեկնաբանության»: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ շեշտեց՝ որոշում կայացնելու համար մինչև վաղը դեռ ժամանակ ունեն։
«Այո, վաղը վերջնաժամկետն է, դեռ որոշում չկա, կորոշենք կասենք։ Դեռ կա ժամանակ», - ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը։
Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խորհրդարանի լուծարմանը, նշել է, որ իր հրաժարականը միակ ճիշտ ճանապարհն էր: Նա, իհարկե, չի պատասխանել հարցին, թե ի վերջո իր թեկնածությունը առաջադրելու է, թե ոչ, սակայն չի բացառել, որ կարող է լինեն դավադրություններ այլ ուժերի կողմից ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար:
«Եթե հանկարծ որևէ մեկը փորձի որևէ դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ իրենք չեն անելու դա, բայց եթե հանկարծ էդպիսի բան լինի, ինչի թույլ նախանշաններ սկզբունքորեն կարելի է դիտարկել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը։ Ես, իհարկե, նորից, էս նույն ճանապարհով պիտի դիմեմ ձեզ և առաջարկեմ, կոչ անեմ, խնդրեմ, որ մենք նորից հավաքվենք և մեր խոսքը ասենք», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։