Ակնկալում ենք, որ գալիք խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանշանակ հաղթանակ կտանի՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Սպասվում է, որ Ազգային ժողովի ընտրությունները կկայանան այս դեկտեմբերին:
«Բնականաբար մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանենք՝ միանշանակ հաղթանակ կտանենք, և ժողովուրդը այդ վստահության քվեն մեզ կտա», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Բայց ընդհանուր առմամբ, էլի եմ ասում, մեր կենտրոնացվածությունը ոչ մեր սեփական իշխանության վրա է, այլ ժողովրդի իշխանության վրա է: Մենք ասել ենք և ասում ենք, որ մենք Հայաստանում իշխանություն չունենք, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Հարցին՝ նոր խորհրդարանի աթոռներից քանի՞սը կանցնեն «Քաղաքացիական պայմանագրին», Փաշինյանը պատասխանեց, թե դեռ վաղ է կանխատեսումներ կատարել․ - «Ամեն դեպքում որոշումը կայացնում են ընտրողները: Եվ էլի եմ ասում՝ մեր խնդիրը չի եղել և չի լինելու իշխանությունը պահելը, մեր խնդիրը եղել է, կա և կլինի ժողովրդի իշխանությունը պահելը»:
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ նախկին պաշտոնյաներից կրկին համալրեն այս իշխանությունների շարքերը, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց․ - «Ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր եղել են, Հանրապետականի հետ առնչվել են: Հիմա օրինակ՝ Ֆելիքս Ցոլակյանը նախարար է նշանակվել: Հնարավոր է, բայց էլի եմ ասում՝ ես հույս ունեմ, որ այս պրոցեսը՝ այն, ինչ մենք անում ենք, ընդ որում, մեծ հավանականությամբ, չենք անում իդեալական, բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք իսկապես խնդիր ունենք համախմբել և փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել»:
Փաշինյան․ Պատրաստվում ենք ինտենսիվացնել մեր շփումները ԱՄՆ հետ
Այս շաբաթ սպասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երևան: Այսօր Երևանում է ԱՄՆ նախագահի մեկ այլ խորհրդատու, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: Անցած շաբաթ Հայաստան էր ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Էլ ավելի վաղ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ այս տարի Վաշինգտոնը 14 միլիոն դոլարով ավելացրել է Երևանին հատկացված օգնությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար Թրամփի վարչակազմը մտադիր է 20 միլիոն դոլարով ավելացնել Հայաստանին հատկացվող օժանդակությունը:
Սպասու՞մ եք նոր որակի հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ այսօր հարցրեցինք վարչապետի պաշտոնակատարին: - «Գործնականում դուք տեսնում եք, որ մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ շատ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումներ են տեղի ունենում: Ցավոք, Միացյալ Նահանգների պարագայում այդքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը, հույս ունեմ, որ առաջիկա շփումների ընթացքում կինտենսիվանա: Չնայած նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը, և շատ կարևոր և հետաքրքիր քննարկում ունեցանք: Ես ասել եմ, որ մենք պատրաստվում ենք ինտենսիվացնել մեր շփումները», - պատասխանեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին․ - «Մեր գործընկերների հետ, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում և ամեն ինչի մասին ունենք նույն տեսակետը և ամեն ինչում համաձայն ենք: Համենայնդեպս դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձաբար իրար տեսակետները և վստահ ենք երկուստեք, որ անկեղծ ենք»: