Նախօրեին հերթական հարցազրույցում Քոչարյանը նորից տարակուսանք էր հայտնել իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ, թե՝ լինելով սահմանադրական կարգի կրողը, ինչպես կարող էր ինքն իրեն տապալել․ - «Պատկերացնու՞մ եք, նախագահը՝ որպես սահմանադրության երաշխավոր, այդ պաշտոնը զբաղեցնող, տապելել է ինքն իրեն: Հապշտապ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ ձև գտնել: Սա վկայում է, որ խոսքը ոչ թե քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է»
«Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ այս դեպքում, որը, կարծում եմ, ճիշտ չէ», - ասաց Սասուն Խաչատրյանը:
Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարել էր, թե այս գործը կապ չունի կոնկրետ 10 զոհերի մեղավորների և առհասարակ մարտի 1-ի բացահայտման հետ:
Հատուկ Քննչական ծառայության ղեկավարն ասում է, որ 2008-ի արյունալի իրադարձությունների բոլոր հանգամանքները ջրի երես դուրս կգան: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հարուցված նոր գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար․ - «Դա թողնում եմ ձեր գնահատամանը՝ մեր գործը տասը զոհերի հետ կապ ունի թե չունի։ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, վարույթը մեկ միասնական վարույթ է․․․ Ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին որտեղից այդ տեղեկությունը, որ մենք քննություն չենք անում, կամ մեր արած քննություն այն աստիճանի ինտենսիվ և արդյունավետ չէ, որ մենք չենք բացահայտի դա: Ես ասում եմ՝ ամեն ինչ արվել է և արվելու է, և ես լիահույս եմ, այս գործը ամբողջությամբ, այդ թվում սպանություններ կատարած անձանց մասով, բացահայտվելու է»:
Թեև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ասում է, որ երկրորդ նախագահը 2008-ին ծանոթ չի եղել 0038 գաղտնի հրամանի բովանդակությանը, Սասուն Խաչատրյանն այդ կարծիքին չէ: Իրավապահները հենց այդ փաստաթուղթն են վկայակոչում որպես ապացույց, որ բանակը ներգրավել է քաղաքական գործընթացներում:
«Նոր փաստաթղթեր, շատ հետաքրքիր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ հրապարակայնացնելու», - ասաց ՀՔԾ֊ի ղեկավարը:
«Ազատության» հարցին ի պատասխան նա ասաց, որ իր նկատմամբ ճնշման որևէ փորձ չի եղել:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պահանջին՝ գաղտանզերծել նախաքննության նյութերը, ապա, ըստ Հատուկ քննչական ծառայության ղեկավարի, իրավապահ մարմինն այդ քայլով ապօրինության կգնա:
«Պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ: Հանեն նախաքննության գաղտնիքը և հնարավորություն տալ պաշտպանվող կողմին բարձրաձայն խոսել ամեն ինչի մասին», - ասել էր Քոչարյանը:
Սասուն Խաչատրյան․ - «Նման ընթացակարգ գոյություն չունի: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով: Կան մարդիկ, որոնք համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս: Եվ դուք պատկերացնո՞ւմ եք, այս ամբողջը գաղտնազերծվի, ինչ կլինի: Չի կարող լինել պահանջ: Եթե այդ պահանջը թեկուզ հանրության պահանջն ա, և անօրինական լինի, մենք դա դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է միայն նախաքննական փուլին, դատաքննության փուլում դատարանում գործը քննվում է դռնբաց»:
Սասուն Խաչատրյանը վերահաստատեց, որ Սերժ Սարգսյանն այս գործով հարցաքննվելու է, բայց թե ինչ կարգավիճակով և երբ, դեռ չի հրապարակվում:
Հարցին՝ եթե Սարգսյանը հեռանա՞ երկրից, Խաչատրյանն արձագանքեց․ - «Բոլորը հարցաքննվելու են, ովքեր քրեական գործով կարող են որոշակի տեղեկատվություն տալ: Հետևաբար այն անձանց մասով, որոնք այս պահին քրեական գործով կարգավիճակ չունեն, Հատուկ քննչական ծառայությունը որևէ պարտավորվածություն չունի, որևէ պարտականություն չունի այդ մարդկանց տեղաշարժին հետևելու»:
Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Վճռաբեկ ատյանը եռամսյա ժամկետում պետք է որոշի՝ արդյոք երկրորդ նախագահը նորից է կալանավորվելու:
Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում Մարտի 1-ի գործով հայտնաբերված զենքը փորձաքննության է ենթարկվում՝ պարզելու այն 2008 թվականին գործածվե՞լ է Երևանի կենտրոնում, թե՞ ոչ: