Մատչելիության հղումներ

Վճռաբեկ բողոք են պատրաստում նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան:

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, բողոքի քննարկման առավելագույն ժամկետը երեք ամիսն է: Բողոքը քննելու է ոչ թե առանձին դատավոր, այլ կոլեգիալ մարմին:

Հիշեցնեմ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Վերաքննիչը հիմք ընդունեց նախագահի անձեռնմխելիության մասին սահմանադրական դրույթը:

Գլխավոր դատախազությունը վիճարկում է վերաքննիչ դատարանի որոշումը, դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը սակայն նշեց, բողոքարկման հիմքերը հրապարակման ենթակա չեն:

Զուգահեռաբար, Վճռաբեկ դատարան բողոք են պատրաստում նաև երկրորդ նախագահի փաստաբանները: Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ հենց հիմա մշակում են բողոքի տեքստը, հիմքերը կմեկնաբանեն, երբ բողոքը պատրաստ լինի:

«Կային վերաքննիչ մեր բողոքների մեջ էնպիսի հիմքեր, որոնց Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել: Իսկ մեր գնահատմամբ, էդ հիմքերը ոչ պակաս կարևոր էին, քան էն մի հիմքը, որի կիրառմամբ Վերաքննիչ դատարանը պարոն Քոչարյանին ազատ արձակեց: Մի շարք հիմքեր էինք բերել, որոնցից յուրաքանչյուրը արդեն բավարար էր, որպեսզի պարոն Քոչարյանը չկալանավորվի: Հիմա մեր բոլոր փաստարկներից հիմք է ընդունվել միայն պարոն Քոչարյանի անձեռնմխելիությունը․ բայց մենք ուզում էինք, որպեսզի Վերաքննիչ դատարանը մնացած բոլոր հիմքերին նույնպես անդրադառնար», - նշեց Ալումյանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանում հնարավոր է քննվի ոչ միայն գլխավոր դատախազության բողոքը, որով վիճարկվում է Քոչարյանին կալանքից ազատելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլև երկրորդ նախագահի պաշտպանների բողոքը՝ կալանքից ազատման համար նախագահական անձեռնմխելիությունից զատ, այլ փաստարկներ ևս քննելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG