Մատչելիության հղումներ

Քոչարյանի վերադարձը այն սցենարներից է, որն ուղղակի չի կարող լինել․ Փաշինյան


Քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը այն սցենարներից է, որն ուղղակի չի կարող լինել՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությանն ղեկավարն առավոտյան ներկա էր Քանաքեռում գտնվող Հայ-չինական բարեկամության դպրոցի բացմանը:

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Դուրս եկեք փողոց և մարդկանց հարցրեք: Ես չեմ այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը: Այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է, և կարծում եմ, այդ հարցերը պետք է ուղղեք ժողովրդին, չնայած չեմ կարծում, թե այն, ինչ կլսեք՝ արժանի կլինի եթեր հեռարձակելու», - նշեց Փաշինյանը՝ արձագանքելով մեկի հարցին, թե արդյո՞ք իրեն մտահոգում է Քոչարյանի վերադարձը:

1998-2008թթ․ Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք՝ տասը տարի առաջ 2008թ․ մարտի 1-ին տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, Երևանի կենտրոնում սպավեց տասը հոգի, և ում մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար, մոտ մեկ շաբաթ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե վերադարձել է քաղաքականություն:

Անցած ուրբաթ օրը Հանրապետության հրապարակում հրավիրած բազամահազար հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ անցկացնել սահմանադրական փոփոխություններ, որպեսզի վարչապետի հրաժարականից բացի՝ խորհրդարանը ցրելու այլ հնարավորություն էլ ստեղծվի: Ըստ Փաշինյանի, պետք չէ բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետականը կարող է վարչապետ ընտրել մեկ ուրիշին՝ տապալելով խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:

Այսօր հարցրեցինք՝ տարբերակ տեսնու՞մ է, որ հանրապետականները վարչապետ կընտրեն Ռոբերտ Քոչարյանին․ - «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում, և պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար»:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տևական լռությունից հետո՝ երկու օր առաջ, հրապարակավ խորը մտահոգություն հայտնեց երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խստորեն քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ - «Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են», - ասել էր հանրապետական գործիչը՝ վարչապետի խոսքում նշմարելով Հայաստանի սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ և հավելելով, որ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով նախատեսում է հանդիպումներ հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։

Վարչապետ Փաշինյանն այսօր արձագանքեց․ - «Ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում ուղղակի հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ»: Փաշինյանը շարունակեց՝ կհանդիպի Ազգային ժողովի նախագահին, որպեսզի «որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի, բացի օրինականությունից»:

«Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա: Մենք ասում ենք, որ պետք չէ ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ մենք նորից ստիպված լինենք հեղափոխություն անել, կամ հեղափոխության հաջորդ փուլն անել։ Մենք առաջարկում ենք, և Հանրապետության հրապարակի անունից եմ առաջարկում, և կարծում եմ, որ բոլորդ էլ արձանագրել եք, որ տեղի է ունեցել երրորդ Հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, որը նույնիսկ ավելի բազմամարդ է եղել, քան թավշյա հեղափոխության ամենաբազմամարդ հանրահավաքը, մենք ուղղակի ասում ենք՝ պետք չէ այսպես փորձեր քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ես իշխանության չեմ, իշխանության ժողովուրդն է և ես չեմ ուզում, որ ժողովուրդը ոմանց ապացուցի, թե ով է երկրում իշխանություն: Կարևոր է արձանագրել նպատակը՝ ժողովրդի առաջ չդնել գայթակղություն ինչ֊որ բաներ ապացուցելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG