Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին


Հանրապետական կուսակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի, հետևաբար չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։

Թե ինչով է պայմանավորված կուսակցության այս որոշումը, լրագրողները հետաքրքրվեցին ՀՀԿ պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանից։

Նա ասաց, թե գործող իշխանությունը չհաշտվեց այն փաստի հետ, որ Հանրապետականը Երևանը հասցրել է բոլորի համար հաճելի մի բևեռի, ինչը երբեք չէր եղել․ - «Այդ պատճառով մի այլ թեկնածու չենք ներկայացնում, որովհետև նույնիսկ եթե այդ թեկնածուն էլ հաջողության հասնի, նորից պիտի կռիվը գնա, թե ով պիտի լինի Երևանի քաղաքապետ»:

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, մինչդեռ՝ ինքը չգիտի, թե որն է ավագանու ընտրություններին չմասնակցելու իրենց կուսակցության որոշման պատճառը։ Դա կուսակցության որոշումն է, որը չի համընկնում իր անձնական կարծիքի հետ․ - «Միգուցե էսօր ավելի կարևոր հարցեր կան հայաստանյան քաղաքական դաշտում, քան թե զուտ ՏԻՄ ընտրությունները, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, սա իմ անձնական կարծիքն է, ինչպես էն ժամանակ եմ ասել՝ պետք է ակտիվ մասնակցի բոլոր ընտրություններին»:

Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Հանրապետականը մայրաքաղաքում իշխանության ղեկին մնաց 7 տարի։ Մարգարյանը հրաժարակական տվեց հուլիսի 9-ին:

Ի տարբերություն ՀՀԿ-ի, սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել է 10 քաղաքական ուժ։

Կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 29-ին, բայց, ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Կենտրոնական ընտրական անձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, մինչև այսօր գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է բերել միայն «Ռեֆորմիստների» կուսակցությունը՝ կինոռեժիսոր Արտակ Ավետյանի գլխավորած ցուցակով:

Թավշյա հեղափոխության հեղինակները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արտահերթ ընտրությունների են գնում Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» գլխավորած ցուցակով։ Այդպիսով ՔՊ-ն, փաստացի լքում է ավագանու նախկին կազմում գործող «Ելք» դաշինքը։

Բայց դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», շարունակում են համագործակցությունն ու «Լույս» դաշինքով միասնաբար առաջադրում են Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

Իսկ թե ինչու «Ելքի» ձևաչափով չեն գնում արտահերթ ընտրություններին, լրագրողները հետաքրքրվեցին Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ասաց, որ միասին մասնակցելու հարց չի էլ քննարկվել․ - «Չկան անհամաձայնություններ: Մեր գործընկերները որոշել են մասնակցեն մի ուժով, մենք էլ որոշել ենք մասնակցել երկու ուժով: Այդտեղ որևէ վիճելու կամ իրար հետ չհամաձայնելու բան չկա: Մենք բնական դաշնակիցներ ենք․ սա բոլորի համար ակնհայտ է, և բնական դաշնակիցներ լինելով հանդերձ, ակնհայտ է, որ ապագա համագործակցության դուռը մեկս մյուսի նկատմամբ միշտ բաց է»:

Բացի այս չորե կուսակցություններից, ևս վեց քաղաքական ուժի թեկնածու այս պահին հայտնի է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանին» այդ պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանին, ԳԱԼԱ կուսակցության քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է, Հայոց համազգային շարժման առաջին համարը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն է, Դաշնակցության թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, իսկ «Ժառանգությունը» պայքարի է գնում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ դրա նախագահ Մանուել Գասպարյանի թեկնածությամբ։

Քարոզարշավն այս անգամ սովորականից կարճ է տևելու՝ սեպտեմբերի 10-ից 21-ը։

Ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցությունը ապահովելու համար ԿԸՀ նաև որոշել է Երևան հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:

XS
SM
MD
LG