Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն փոփոխված Քրեական օրենսգրքով


Վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր հանրային քննարկման ժամանակ հույս հայտնեց, որ սեպտեմբերի 23-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն արդեն փոփոխված Քրեական օրենսգրքով:

«Ընտրությունների վերջնական փուլը, նախընտրական քարոզարշավի գոնե վերջնական փուլը արդեն կանցնի այս իրավակարգավորումների ուժի մեջ մտած օրոք», - հայտարարեց նա՝ հավելելով, որ Կառավարությունը շուտով քննարկելու է, թե երբ օրինագիծը կմտնի Ազգային ժողով:

Քրեական, Քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունները, ըստ էության, ընտրակեղծարարության համար նախատեսված պատիժների խստացում են ենթադրում:

Այսպես, բացի ընտրակաշառք տալու և վերցնելու համար քրեական պատասխանատվությունից, օրենսդրական նախագծում մինչև 3 տարի ազատազրկում է սահմանվում նաև ընտրակաշառք խոստանալու, ընտրակաշառքի խոստումն ընդունելու, ընտրակաշառք խնդրելու համար:

Ընտրության նշանակման օրից մինչև արդյունքների ամփոփումը դրանց մասնակիցներին արգելվում է նաև բարեգործությյուն իրականացնել, և պատիժը կրկին քրեական է:

Վարչական պատասխանատվություն է նախատեսվում ընտրատեղամաս պարբերաբար մուտք գործող քաղաքացիների համար, նաև հանձնաժողովի անդամների համար՝ եթե նրանք տեսանելի կերպով չկրեն վկայականը: Դիտավորությամբ բաց քվեարկությունը ևս քրեորեն հետապնդելի արարք է:

Նախկինում քրեական պատասխանատվություն ենթադրող մի շարք արարքների համար էլ նախատեսվում է պատժի խստացում:

Փաստաբան Արա Պապիկյանի կարծիքով, խնդիրն այլ տեղում է: Նա հիշում է, որ համապետական ընտրություններից հետո դատարան հասած հիմնական գործերը իշխող քաղաքական ուժի օգտին ընտրակեղծարարության փաստի առնչությամբ են եղել:

Փաստաբանը եզրակացնում է, որ լուծումը ոչ թե պատժի խստացումն է, այլ հասարակության առողջացմանն ուղղված աշխատանքը․ - «Մենք ոչ թե պիտի խնդիրը լուծենք քրեական խիստ պատասխանատվության հարց բարձրացնելու առումով, այլ մեր հասարակությունը պատրաստենք նրան, որ ընտրությունների ժամանակ խախտումներ պիտի չլինեն: Յուրաքանչյուր ոք հասկանա, որ ինքը ընտրակաշառք պիտի չառաջարկի»:

Դանիել Իոաննիսյանն է հակադարձում՝ պատժի խստացումը օրինախախտումները դարձնում է ծանր հանցագործություն, ինչն իրավապահներին ավելի լայն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հնարավորություն կտա․ - «Մասնավորապես լատենտ հանցագործությունները, ինչպիսին որ ընտրակաշառքն է, երբ ընտրակաշառք տվողն ու վերցնողը երկուսն էլ շահագրգռված են, որպեսզի դրա մասին ոչ մեկը չիմանա, դրանց բացահայտումը առանց օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումների, իրատեսական չէ»:

Օրենսդրության կոշտացմանը դեմ է նաև հանրային քննարկմանը մասնակցող Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Գերավետյանը: Նրա ձևակերպմամբ՝ հասարակությանն օգուտ չենք տա մարդկանց տարիներով բանտերում փակելով․ - «Եթե մենք խստացնում ենք և պատժամիջոցը երկարաձգում ենք, մենք փաստորեն այդ անձնավորությանը մեկուսացնում ենք հասարակությունից և դնում ենք որպես բեռ նույն հասարակության վրա: Նա պետք ա նրան այդ 5-6 տարին քրեակատարողական հիմնարկությունում պահի»:

Պարզաբանում է ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը․ - «Խստացումը գլխավորապես պայմանավորված է տվյալ արարքը որակյալ դարձնող մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, եթե արարքները կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կատարվել են նախնական համաձայնությամբ, որոնք տվյալ արարքի հանրավտանգավորության աստիճանը բարձրացնող հանգամանքներ են, բնականաբար տրամաբանական է, որ պատիժը պետք է լինի համարժեք»:

Ոստիկանության շտաբի պետի կարծիքով, հասարակության իրավագիտակցության այս փուլում ընտրակեղծարարության համար պատիժները մեղմացնելու ժամանակը չէ․ - «Մի մոռացեք, որ դրանք սոսկ անձի իրավունքի խախտումներ չեն, այլ դրանք պետության դեմ ուղղված հանցագործություններ են, ըստ էության սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են, ուստի կարծում եմ, որ դրանց խստացումը տրամաբանական է և փաստարկված է»:

Հովհաննես Քոչարյանը կարծիք հայտնեց, որ առնվազն մի քանի համապետական հաջող ընտրություններ անցկացնելուց հետո հնարավոր կլինի խոսել ընտրակեղծարարության համար նախատեսված պատիժների մեղմացումից:

Նախագիծը վերջական տեսքի բերվելուց հետո կառավարությունն այն ներկայացնելու է Ազգային ժողովի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG