Մատչելիության հղումներ

Ավագանու ընտրություններին ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա անպատիժ. վարչապետ


Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հրապարակումից 30-ից 40-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նշանակում է Երևանի արտահերթ ընտրությունների օրը։

«Այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության և արդարության առումով։ Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականություն ապահովելը։ Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված՝ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, և սա ապահովելը մեր կառավարության առաջնահերթությունն է»։

Մայրաքաղաքը 7 տարի կառավարած հանրապետական Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց։ Նրա հրաժարականից հետո Երևանն արդեն մեկ ամիս է՝ չունի ղեկավար, կառավարությունը մտադիր է ավագանու ընտրություններն անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին։

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցեն բազմաթիվ կուսակցություններ: Արդեն հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի դերասան Հայկ Մարությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Նաիրա Զոհրաբյաննի թեկնածությունը, «Երկիր Ծիրանի»-ն՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ՀՀՇ-ն քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանն» ու Հանրապետությունը ավագանու առաջին հորիզոնականում տեսնում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG