Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։

Այսօր կայացած նիստում այս մասին որոշումը հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բացի ընտրության օրվա նշանակումից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նաև ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատեց։ Կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է։ Իսկ քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն այսօր տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ամբողջությամբ պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացմանը։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հանրությունը կարո՞ղ է արդար ընտրություններ ակնկալել, Սմբատյանը վստահեցրեց՝ «այո՛, անշուշտ»։ Ըստ հանձնաժողովի քարտուղարի՝ այս ընտրությունները առանձնանալու են իրենց՝ առավել մրցակցային լինելով։

Կառավարության վերջին նիստում գործադիրը կրճատել էր Երևանի ավագանու լիազորությունները։ Ու ինչպես նախատեսում է օրենքը, գործադիրի որոշման հրապարակումից հետո ԿԸՀ նիստ է գումարում ու նշանակում ընտրության օրը՝ այն պետք է լինի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG