Մատչելիության հղումներ

ԵԿՄ վարչությունը կասեցնելու է Մանվել Գրիգորյանի լիազորությունները


ԵԿՄ վարչության փոխնախագահներից Համլետ Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում համոզված հայտարարում էր՝ երեք օրից նախատեսված վարչության այդ նիստում կկասեցվեն միության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:

Այսօր Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հրապարակվեց հետևյալ հայտարարությունը․ «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»:

1993 թվականին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 99-ից: Նա վերընտրվել է չորս անգամ:

Երեքշաբթի օրը կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ, մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք է բերել և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Իրավապահների հաղորդմամբ, մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք են գտել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Պատգամավորի Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը նույն մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էր հայտնաբերել նաև Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանի տներում, ինչպես նաև՝ որդուն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության տարածքում:

Ազատամարտիկների այսօրվա հավաքին նաև դատապարտող հայտարարություն հնչեց: Համլետ Հայրապետյանն ավելի ուշ պարզաբանեց՝ Մանվել Գրիգորյանին առնչվող իրավապահների բացահայտումները հաշվի առնելով ծագեց նման անհրաժեշտություն․ - «Երկրապահ ազատամարտիկները և ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած հրեշավոր երևույթը, որը հանիրավի վարկաբեկում է ԵԿՄ հազարավոր ազնիվ և նվիրյալ ազատամարտիկների հեղինակությունը»:

Կառույցի հետագա ճակատագիրը քննարկելու համար այսօր ԵԿՄ կենտրոնական գրասենյակ էին եկել թե՛ միության գործող վարչության ներկայացուցիչներ, թե՛ տարբեր տարիներին կառույցի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով ԵԿՄ-ի հետ կապը խզած ազատամարտիկներ։ Քննարկումները թեև լրագրողների համար փակ էին, բայց, դատելով պարբերաբար լսվող բարձր ձայներից, բավական բուռն էին:

Այսօրվա հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են հրավիրել ԵԿՄ արտահերթ համագումար․ խնդիր են դրել բարձրացնել միության վարկանիշը, որը, նրանց կարծիքով, տուժել է վերջին իրադարձություններից հետո:

«Էսի պիտի դառնար անձի պաշտամունքի կենտրոն: Էս էր ամբողջը․ ասում եք՝ ինչի՞ց էր շեղվել: Շեղվել էր նրանով, որ բոլորն ասում էին՝ կեցցե՜ զորավարը: Եվ էդ զորավարին հասցրին էն, ինչի որ հասցրին», - «Ազատությանն» ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

ԵԿՄ հետագա կառավարումը այսօր հավաքվածների հիմնական մասը կոլեգլիալ մարմնի միջոցով է տեսնում։ Շատ ազատամարտիկներ կարծիք էին հայտնում՝ Մանվել Գրիգորյանն այլևս չպետք է ղեկավարի ԵԿՄ-ն:

Ազատամարտիկ, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նույնիսկ կոլեգիալ մարմնում Գրիգորյանին չի տեսնում․ - «Մանվելը ղեկավարի՞ Երկրապահը․․․ դա բացառված բան ա: Մանվելի ամոթն ենք մենք փորձում մեր երեսից մաքրենք»:

Գասպարյանը կարծում է, որ Մանվել Գրիգորյանը երկրի նախկին բարձրագույն ղեկավարության հովանավորչությամբ է գործել:

«Ազատության» հարցին, թե արդյոք նաև երկրի նախկին նախագահին նկատի ունի, Գասպարյանը պատասխանեց․ - «Եթե նախագահի հովանավորչությունը չլիներ Մանվելի վրա, Մանվելն ո՞վ էր: Ընդամենը ծառայում էր ոնց պետք էր»:

Ազատամարտիկների դաշինքը ներկայացնող Սմբատ Հակոբյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը միայնակ չի գործել, ուստի ԵԿՄ կառույցները պետք է ստուգվեն․ - «Մանվելը հո մենակ չի՞ կերել․․․ Անպայման աուդիտի խնդիր կա, որովհետև մենք չգիտենք: Էս ներկայացված փաստերի արդյունքում շատ հնարավոր ա, որ ներքին լիքը խնդիրներ լինեն: Որ մենք էդ պատասխանատվությունը չվերցնենք մեզ վրա, թող պետությունը կազմակերպի էդ աուդիտը, պատկան մարմինները աուդիտը կազմակերպեն»:

ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը պնդում էր, որ իրավապահների բացահայտումներն իրենց համար անակնկալ է եղել։

Փոխնախագահներից Համլետ Հայրապետյանը հայտարարեց, որ չի կարծում, թե իրավապահների ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել նաև ԵԿՄ ղեկավար կազմի այլ անդամները․ - «Ղեկավարությունից ում ով ճանաչում եմ, լավ եմ ճանաչում, ես չեմ հավատում, որ նման բան կկարողանար ինչ-որ մեկը անել, կամ էլ միջամտել կամ մեղսակիցը լինել: Որ ասում եմ՝ չեմ հավատում, մի ասա, որ վստահում ա՝ չի հավատում: Մարդը իրա աչքերին էլ չի հավատում, մարդը իրա ուղեղին էլ չի հավատում․․․ Ո՞նց կարելի ա սենց բան անել՝ եթե արվել է իհարկե»:

«Ազատության» հարցին՝ հավատո՞ւմ է Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներին, Հայրապետյանը արձագանքեց․ - «Ես ասում եմ՝ միշտ կա անմեղության կանխավարկած, կա իրավապահ մարմին, որը այլևս զբաղվոմ է Մանվել Գրիգորյանով: Իրենք կհայտարարեն, մենք կլսենք ու կասենք՝ հավատացինք թե չհավատացինք»:

Հայրապետյանը հավաստիացրեց, թե տեղեկություն չուներ, որ ԵԿՄ գրասենյակում նույնպես մսի պահածոներ են պահվել:

Ըստ ոստիկանության, «Վաճառքի ենթակա չէ, Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոները տեղափոխվել են ԵԿՄ գրասենյակից այլ վայր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով գեներալի ձերբակալման օրը:

Հայրապետյանն այս դեպքում կարծում է, որ ոստիկանությունը չի ստում․ - «Եթե հայտարարում է ոստիկանությունը, ճշգրտում նոր է հայտարարում: Որովհետև սա հնչեղ հարց է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG