Մատչելիության հղումներ

Իրավապահները նախկինում էլ գիտեին Գրիգորյանի արածների մասին, բայց «բռնելու թույլտվություն չունեին»․ Պատգամավոր


Պատգամավոր Արթուր Գևորգյան, 20-ը հունիսի, 2018 թ․
Պատգամավոր Արթուր Գևորգյան, 20-ը հունիսի, 2018 թ․

«Զինվորի բաժին» է հայտնաբերվել նաև Գրիգորյանի՝ ԼՂ-ում գտնվող առանձնատանը, ձերբակալվել է նրա բարեկամը, հաղորդում է ՀՔԾ-ն:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանը ևս «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ և այլ ապրանքներ են հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի»,- հաղորդում է ՀՔԾ-ն, հավելելով, որ քրեական գործի շրջանակներում 19.06.2018 թ.-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն:

Հիշեցնենք, ոստիկանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ հունիսի 18-ին Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում հայտնաբերել են մսի պահածոներով բեռնված «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ: «Մեքենաների զննությամբ հայտնաբերվել էր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներ»,- հայտնել էր ոստիկանությունը, հավելեով՝ վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, հայտարարել են, որ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Ի դեպ, Նազիկ Ամիրյանը Մանվել Գրիգորյանի կինն է:

Ավելի վաղ, հունիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Զինվորի բաժին» մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էր հայտնաբերել նաև Էջմիածնում Մանվել Գրիգորյանին պատկանող պահեստներում: Գրիգորյանը ներկայումս մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ:

Այսօր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, Հանրապետական խմբակցությունը լքած պատգամավոր Արթուր Գևորգյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքներին ու, մասնավորապես, նրան պատկանող տարածքներում «Զինվորի բաժին» մակնշմամբ մսի պահածների հայտնաբերման փաստին, աղմկահարույց հայտարարություն արեց, ասելով, թե նախկինում էլ իրավապահ մարմինները տեղյակ են եղել այդ ամենի մասին, պարզապես բացահայտելու թույլտվություն չեն ունեցել:

«Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի առաջին հարյուրյակի մեջ էլ չի մտնի: Հիմա ունեցել են բռնելու թույլտվություն, բռնել են: Այն ժամանակ չեն ունեցել, չեն բռնել»,- ասաց Գևորգյանը, պնդելով՝ տեղեկատվությանն, ամեն դեպքում, իրավապահները տիրապետել են:

Երեկ խորհրդարանում փակ գաղտնի քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ ընդամենը 3 պատգամվոր է դեմ քվեարկել Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը: Թե ովքե՞ր են նրանք, պարզ չէ: Ամեն դեպքում՝ այսօր Հանրապետական խմբակցության պատգամավորները վստահեցնում էին, թե իրենք կողմ են քվեարկել, որպեսզի Մանվել Գրիգորյանը կալանավորվի: Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նույնպես պնդում էր՝ ինքը կողմ է եղել, որ Գրիգորյանին զրկեն ազատությունից:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր, Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկեր Նահապետ Գևորգյանը նույնպես վստահեցնում էր՝ երեկ կողմ է քվեարկել, որ Գրիգորյանը կալանավորվի, քանի որ դատապարտում է նրան մեղսագրվող արարքները։ Գևորգյանը նաև նշեց, թե մտավախություն չունի, որ մի օր էլ իր դեմ նման մեղադրանքներ կներկայացվեն:

Հավելենք՝ ոստիկանները խուզարկություն են կատարել նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում: Ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ «հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և 500 տուփ ծխախոտ» իսկ «ԵԿՄ տարածքային գրասենյակի նախագահ Պետրոս Ա.-ին պատկանող տան խուզարկությամբ հայտնաբերվել են «Բայկալ» տեսակի ատրճանակ, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, «Սարսիլմազ» հրացան, «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» և այլ տեսակի զինամթերք, նաև սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք»: Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG