Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին խուզարկություն է կատարել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։
Ըստ հաղորդագրության, հունիսի 16-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1964-ին ծնված Պետրոս Ա.-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին:
«Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա.-ն Ավան Առինջ 1-ին մ/շ. թիվ 7 հասցեում գտնվող ԵԿՄ գրասենյակի նախագահն է: Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 19-ին Ավան-Առինջի թիվ 7 նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ, իսկ Պետրոս Ա.-ին պատկանող Ավան 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի, «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ ոստիկանության, հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ձերբակալվել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով:
Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ առկա կասկածների, Գրիգորյանը ներգրավված է եղել նաև բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ: Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց խուզարկության տեսանյութը: