Մատչելիության հղումներ

ԵԿՄ վարչության առջև Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու խնդիր չի դրված


Երկրապահ կամավորականների միության վարչությունը չի պատրաստվում դադարեցնել վարչության նախագահի՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի լիազորությունները՝ չնայած վերջինիս կալանավորմանը:

«Վաղը մենք հավաքվելու ենք, ես չգիտեմ՝ կարող է նման հարց առաջանա՞, բայց այս պահի դրությամբ նման խնդիր մեր առաջ չի դրված, մենք էլ մեր առաջ չենք դրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: - «Ես կարծում եմ ցանկացած օրենքը սիրող մարդ պետք է սպասի․․․ բա որ հակառակը՝ ինչո՞ւ ենք անընդհատ ասում՝ բա որ մեղավոր լինի․․․ ես չեմ արդարացնում՝ ասում եմ, պիտի ժողովրդի դատարանին արժանանա էն մարդը, ով զինվորի մի հատ կաթնա ուտում, ջուրնա խմում: Մենք ամեն օր զինվորի կողքին ենք: Մենք 89 թվին բարձրացել ենք դիրքեր ու այլևս չենք իջնում, բայց թողեք տեսնենք ինչ ա կատարվում: Բա որ արդարացվե՞ց»:

Հայրապետյանն ասաց՝ Մանվել Գրիգորյանի մեղքը ապացուցվելուց հետո արդեն որոշում կկայացնեն փոխել ղեկավարությանը։ Հավելեց՝ քանի դեռ չկա դատարանի՝ ուժի մեջ մտած որոշում, չի կարող նրան մեղավոր համարել կատարվածի մեջ․ - «Երբ որ կպարզեն ով է մեղավոր, մենք մեր վերաբերմունքը ցույց կտանք անձի նկատմամբ: Իսկ երևույթի նկատմամբ՝ իհարկե, երևույթը ինքնին դատապարտելի է»:

Ըստ Հայրապետյանի՝ ԵԿՄ կենտրոնական գրասենյակը շարունակում է բնականոն աշխատանքը, իսկ վաղը աշխատակազմի ժողով կանցկացնեն՝ ընթացիկ հարցերի հետ միաժամանակ քննարկելու միության նախագահ Մանվել Գրիգորյանի պարտականությունների հստակեցման հարցը։ Չի բացառվում, որ դրանք փոխանցվեն կա՛մ փոխնախագահներից մեկին, կա՛մ էլ միության ղեկավարումն իրականացնեն մի քանի հոգով։

Հայրապետյանն ասաց՝ ԵԿՄ-ն լուծարելու անհրաժեշտություն չկա: - «Իմ խորին համոզմամբ, Երկրապահ կառույցը լուծարել և նման առաջարկություն անել, նշանակում է ջնջել հայոց հազարամյակների պատմության մի էջ, որը արձանագրել է պատմական հողերի ազատագրում», - հայտարարեց ԵԿՄ փոխնախագահը:

Հայրապետյանը չթաքցրեց, որ թե՛ Միության ներսում, և թե՛ դրսում տարաձայնություններ կան Գրիգորյանի՝ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցի շուրջ, բայց կրկին շեշտեց՝ առաջնորդվում են անմեղության կանխավարկածով։ Ասաց, որ այս պահի դրությամբ երկրապահից հեռացած մարդ չկա, ավելին՝ շատերը, որոնք գեներալ Գրիգորյանի օրոք լքել են միությունը, ցանկություն են հայտնել վերադառնալ։

Հարցին, թե տեղեկություններ կան, որ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը եկել է ԵԿՄ և հայտարարել է, թե ինքն ղեկավարելու Միությունը, Հայրապետյանը պատասխանեց․ - «Ես նման բան լսել եմ, բայց չեմ հավատացել: Իրեն այստեղ ես չեմ տեսել: Եվ հայտարարությունով չի, որ պետք է ստանձնել: Ըտենց չի՝ պիտի որոշում կայացվի»:

Հայրապետյանը նաև ասաց՝ տեղյակ չի, արդյո՞ք Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում են ամբարվել ապրիլյան պատերազմի օրերին հավաքագրված օգնությունը, թե ոչ։ Ասաց, որ տեղյակ չի եղել, որ օրեր առաջ, ինչպես հաղորդեց ոստիկանությունը, Գրիգորյանի կնոջ ցուցումով Միության կենտրոնական գրասենյակից միության անդամները մսի պահածոները բեռնել են և տեղափոխել այլ վայր։ Այս մասին իմացել է մամուլից։

ԵԿՄ վարչության փոխնախագահն ասաց՝ Մանվել Գրիգորյանն իր մարտական ընկերն է և չէր սպասում, որ նման ահռելի ունեցվածք կունենար և նման ծանր հանցագործությունների մեջ կմեղադրվեր․ - «Ես գիտեի էնքանով, որքանով որ գիտեի: Գիտեմ, ասենք, որ որոշակի բաներ ուներ՝ էդ գիտեի: Բայց ես զարմանում եմ նրա վրա, թե շատ մարդկանց մոտ․․․ բա էդ հարստությունները որ գոյացել է, ուրեմն լափել են, էլի՝ լափել են, քանդել են երկիրը»։

1993 թվականին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 1999 թվականից: Նա չորս անգամ վերընտրվել է: Միության հիմնական նպատակը, ըստ Էջմիածնի քաղաքապետարանի կայքէջի, զինված ուժերի հզորացմանը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների սոցիալական պայմանների բարելավմանը և երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG