Մատչելիության հղումներ

Առանցքային մեղադրյալը պնդում է, որ չի ճանաչում Սամվել Բաբայանին ու Սանասար Գաբրիելյանին


Սամվել Բաբայանի գործով առանցքային մեղադրյալ, անցած տարեվերջին՝ առաջին ատյանի վՃռից հետո միայն Վրաստանից Հայաստան արտահանձնված Ռոբերտ Աղվանյանը այսօր վերաքննիչ դատարանում առաջին անգամ ցուցմունք տվեց՝ հայտարարելով, թե չի ճանաչում ո՛չ Սամվել Բաբայանին, ո՛չ էլ նրա մարտական ընկեր՝ մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանին:

Ռոբերտ Աղվանյանը ամբաստանյալների աթոռին նստածներից ճանաչեց միայն Ժորիկ մականունով Արմեն Պողոսյանին, այն էլ՝ որպես Էջմիածնի բնակիչ:

Թեև Աղվանյանին մեղադրանք է առաջադրված նաև «Իգլա»-ի մաքսանենգության համար, և ավելի վաղ էլ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե զենիթահրթիռային համալիրը բերվել է Վրաստանից, մեղադրյալը դատարանում պատմեց, թե հարևան երկրից ոչինչ չի բերել, «Իգլա»-ն տարիներ շարունակ պահվել է իր տանը՝ Էջմիածնում:

Ռոբերտ Աղվանյանը չթաքցրեց՝ ցանկացել է «Իգլա»-ն վաճառել Հրաչյա Մայիլյանին, ով, հիշեցնենք, ըստ իրավապահների, ինքնակամ զենքը հանձնել է և հիմա ազատության մեջ է․ - «Էլ դրանից հետո Հրաչ Մայիլյանն ի՞նչ ա արել, էդ հարցը ուղղեք իրան: Նստածներից ո՛չ պարոն Բաբայանին եմ ճանաչում, ո՛չ Սանասար Գաբրիելյանին եմ ճանաչում»:

Հրաչյա Մայիլյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ: Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները, որտեղ Սամվել Բաբայանի անունը չկա:

Նա միայն գրել է, թե իմացել է, որ «Իգլա»-ն Ղարաբաղ են տեղափոխելու․ - «Պետք է տանեին Ղարաբաղ որպես նվեր: Ինչքանով հասկացա՝ ինչ-որ պաշտոնի նշանակվելու համար: Մանրամասներով չեն հետաքրքրվել»:

Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին է: Ասաց, որ իր հայրը 90-ականներին բանակին զենք է նվիրել, այդ «Իգլա»-ն մնացել է տանը, ինքը հայտնաբերել է մի քանի տարի առաջ:

Աղվանյանը դատարանում պատմեց, որ ազգությամբ եզդի Ռուստամ Սադոյանին է առաջարկել գնել զենքը, գուցե քրդերին պետք գա, ինչպես ձևակերպեց՝ «թուրքերի հերը անիծելու համար»: Ասաց որևէ մեկը իրեն ինչ-որ գործողության չի դրդել:

Առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել, որ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը:

Սամվել Բաբայանը և Սանասար Գաբրիելյանը գնահատեցին Աղվանյանի տված ցուցմունքները:

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին ազատազրկված Բաբայանը աջակցում էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին: Նա պատվեր է որակում իր դեմ հարուցված գործը:

Քաղաքական հայտարարություններ, սակայն, այսօր ևս Բաբայանը չարեց․ - «Ես ներկայացնում եմ փաստերով, ապացույցներով, դրվագներով, ոչ թե իմ ենթադրություններովմ այլ իրենց իսկ կողմից ձայնագրված տեքստերով ապացուցում եմ իմ անմեղությունը: Դուք էդ հնարավորությունից ինձ զրկում եք»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը չի ընդունում նաև հանցավոր ճանապարհով եվրո թղթադրամներ ստանալու մեղադրանքը՝ պնդելով, թե ընկերը պարտքն է ուղարկել, ինքը չի իմացել, թե ինչու են փողերը ներկոտված:

Սամվել Բաբայանին առաջին ատյանի դատարանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Վերաքննիչ ատյանում ղարաբաղցի նախկին զինվորականը արդարացում է պահանջում:

Հաջորդ նիստին կողմերը հանդես կգան ճառերով և վերաքննիչ դատարանը կհեռանա խորհդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

XS
SM
MD
LG