«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ քաղաքական դատավճիռ կայացվեց։
«Որևէ մեղադրանք դատարանում չապացուցվեց։ Մեկ ցուցմունք կար նախաքննության ընթացքում Սամվել Բաբայանի վրա, և այդ անձնավորությունը դատարանում ասաց, որ իր վրա ճնշումներ են եղել, դրա համար ինքը նմանատիպ նախաքննական ցուցմունք է տվել։ Եթե նորմալ դատարան լիներ, անկախ նրանից՝ դատաքննությունը կշարունակվեր, չէր շարունակվի, դատավորն անմիջապես որոշում կընդուներ, որ Բաբայանին կալանքից ազատ է արձակում, որովհետև, եթե այդ մի ցուցմունք է տեղի ունեցել, և դրա ժխտումը տեղի ունեցավ վկայի կողմից, նշանակում է՝ պետք է ազատ արձակվեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է թղթադրամներին, ուղղակի ծիծաղելի մեղադրանք էր. երևաց, որ որևէ մեկն ազատությունից չզրկվեց, այսինքն՝ ինչ-որ պայմանական դատավճիռ եղավ, բայց միայն Սամվել Բաբայանի հետ կապված դատավճիռ եղավ ազատությունից զրկելու»։
«Ակնհայտ է, որ այստեղ քաղաքական հետագիծ կա՝ ձերբակալումը, կալանավորումը, դատավարությունը և դատավճիռը, այս ամբողջը քաղաքական ենթատեքստ ուներ», - հայտարարեց Մարտիրոսյանը։
«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ ակնհայտ է, որ եթե սա քաղաքական չլիներ, Սամվել Բաբայանը ո՛չ կկալանավորվեր, ո՛չ կձերբակալվեր, ո՛չ կդատապարտվեր։
«Ակնհայտ է, որ իր քաղաքական ակտիվությունը, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելը, նաև, եթե հիշում եք, ասեց, որ մարտի 25-ին թե 27-ին հարցազրույց է տալու, շատ կարևոր և շատ բաներ է բացահայտելու, և կարծեք թե այդ ամեն ինչի դեմ առնելու համար այս գործընթացը սկսվեց։ Ակնհայտ է, որ եթե սա քաղաքական չլիներ, Սամվել Բաբայանի նման անձնավորությանը ոչ կկալանավորեին, ոչ կձերբակալեին, ոչ էլ կդատապարտեին։ Տեսել ենք, չէ՞, ասենք՝ Սուրիկ Խաչատրյանի տնից զենքի մի ամբողջ արսենալ հանեցին, բայց ազատ արձակվեց, որևէ բան չարեցին, բայց, Սամվել Բաբայանի խոսքով՝ տրուբայի պատճառով, որն ընդամենը մի դետալն էր, մի ամբողջ քրեական գործ կազմվեց, և նա ազատազրկվեց։ Սա բացառապես քաղաքական է», - ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ երեկ դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին մեղավոր ճանաչեց, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:
Բաբայանը, հիշեցնենք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրն էր։ Նա ձերբակալվել էր մարտի 22-ին՝ խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ։
Մեղադրող դատախազը Բաբայանի համար յոթ տարվա ազատազրկում էր պահանջել: