Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը վերաքննիչ ատյանից արդարացում է պահանջում   


Սամվել Բաբայանը դատարանում, արխիվ
Սամվել Բաբայանը դատարանում, արխիվ

6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանն առաջին ատյանի վճիռը բողոքարկում է Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով արդարացնել իրեն: Այսօր մեկնարկած դատավարության հենց սկզբում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարն անվստահություն հայտնեց մեղադրող դատախազին և ներկայացրեց բացարկի միջնորդություն՝ հայտարարելով, թե նա պատվեր է կատարել․ «Գլխավոր փաստերն առաջին ատյանի իր մեղադրականում հատուկ չի ընգրկել, և դատարանն էլ արձանագրել ա, ինքը պատվեր ա կատարում»,- ասաց Բաբայանը:

Նա պնդում էր, որ դատախազ Արամ Արամյանը միտումնավոր չի անդրադարձել իրավապահների այն գաղտնալսումներին, որոնք ապացուցում են իր և ընկերոջ՝ այս գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանի անմեղությունը․ «Խոսում ա հեռախոսով և հրաժարվում ա տվյալ ապրանքից, ասում ա՝ նման բան չկա ու մեղադրականում դա շեշտում ա, էն դեպքում, որ ձայնագրված ա, տեքստն էլ կա: Իսկ դատարանն էլ արտագրում ա նույն իրա գրածը: Նման պատեական մեցադրող չի կարող լինել»:

Դատախազին ներկայացված բացարկի միջնորդությանը միացավ «Իգլա»-ի գործով երեք տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը․ «Մարդը պատվեր ա կաարում, անմեղ մարդկանց նստեցնում են»: Դատախազը ներկայացված միջնորդությունն «ակնհայտ անհիմն» որակեց: Դատավորները մոտ 15 րոպե անցկացնելով խորհրդակցական սենյակում՝ մերժեցին Սամվել Բաբայանի միջնորդությունը:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր է ճանաչել, հաստատելով մեղադրանքը, ըստ որի նա մի խումբ անձանց դրդել է՝ ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Բաբայանի պաշտպանն այսօր ներկայացնելով վերաքննիչ բողոքը՝ հիշեցրեց, որ մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը դատարանում հայտարարել էր, թե «Իգլա»-ն ինքն էր ցանկանում ձեռք բերել բանակին նվիրելու համար, և Սամվել Բաբայան այդ նախաձեռնության հետ կապ չունի: «Մեղադրանքը պետք է տրամաբանված լինի, պետք է կառուցված լինի առողջ տրամաբանության վրա»,- ասաց պաշտպանը:

Սանասար Գաբրիելյանն այսօր առաջին անգամ հայտարարեց, թե իրենց ազատազրկել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու համար․ «Իմ ընկերներին պադերժկա անելու համար․․․ ՕՐՕ-ին քյոմակ եմ արել, էդ ա պատճառը»:

Ղարաբաղցի նախկին բարձրաստիճան զինվորական Սամվել Բաբայանն ազատազրկվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ ակտիվորեն աջակցում էր Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին: Նա քաղաքական հայտարարություններ չի արել, միայն պնդել է, թե իր դեմ պատվեր է կատարվում, և իրեն ազատազրկելու խնդիր է դրված: Բաբայանը ելույթ է ունենալու հաջորդ նիստին՝ մեկ շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG