Մատչելիության հղումներ

Զինծառայության մասին օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

Խորհրդարանն այսօր 86 կողմ և ընդամենը 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայության մասին վիճահարույց օրինագիծը:

Դեմ քվեարկեցին միայն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորները: Սակայն ուշագրավ է, որ ընդդիմադիրներից որևէ մեկը ելույթ չունեցավ, միայն «Ելք»-ից Արարատ Միրզոյանը կոչ արեց իշխող մեծամասնությանը, այդ թվում՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությանը, դեմ քվեարկել։

«Ես ուզում եմ տեղեկացնել, որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին։ Ուզում եմ հիշեցնել, որ չորս ուսանողներ այս պահին գտնվում են հացադուլի մեջ։ Ելնելով արդեն իսկ ներկայացված մի շարք փաստարկներից՝ «Ելք»-ը դեմ է քվեարկելու, և կոչ ենք անում բոլորին՝ դեմ քվեարկել, դա հնարավորություն մեզ կտա կարճ ժամանակում լրամշակել օրենքը և նորը ներկայացնել», - հայտարարեց Միրզոյանը։ Նրա կոչը, սակայն, արձագանք չստացավ։

Այսպիսով, զինծառայության մասին արդեն ընդունված օրենքով արմատապես փոխվեց տարկետման կարգը. ուսման նպատակով տարկետումից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնել, իսկ ուսումնառությունից հետո ծառայել Պաշտպանության նախարարության նշած վայրում՝ երեք տարի ժամկետով։ Հակառակ պարագայում, 18 տարին լրանալուց հետո երիտասարդները կզորակոչվեն բանակ՝ երկու տարի ժամկետով:

Օրենքը խորհրդարան բերած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պնդմամբ, իրենք այս կերպ սոցիալական արդարության հարց են լուծում՝ փակելով ուսում ստանալու անվան տակ բանակից խուսափելու ճանապարհը:

Արդեն 7-րդ օրը դասադուլ ու նաև հացադուլ անող ուսանողները մինչդեռ հակադարձում են՝ օրենքը վնասելու է գիտությանը, իսկ բանակից խուսափողները շարունակելու են դա անել այլ ճանապարհներով:

Իշխող Հանրապետականի պատգամավորներն այսօր «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով օրինագծի հետ կապված դժգոհություններին, նշեցին՝ օրենքն արդեն ընդունվել է, և ուսանողների առաջ քաշած առաջարկները կարող են քննարկվել օրենքի հետ կապված ընդունվելիք կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի շրջանակում։

Ինչ վերաբերում է հացադուլին, ապա, ըստ Շարմազանովի, դա պայքարի ոչ արդյունավետ միջոց է։

Շարմազանով. - Մենք պատրաստ ենք նաև կառավարության որոշումներում, որոնք շուրջ 70-ը կարծեմ պետք է լինեն, այդ աշխատանքային խմբում ընդգրկել այդ ուսանողներին և հաշվի առնել նրանց կարծիքը։

«Ազատություն». - Ի՞նչ աշխատանքային խումբ է։

Շարմազանով. - Այս օրենքը, որը մենք արդեն ընդունել ենք, դրան պետք է հետևեն կառավարության որոշումներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք ավելի են հստակեցնելու, թե տաղանդավոր ուսանողը որն է, չափանիշները որոնք են, ովքեր կարող են տարկետում ստանալ, այդ ենթաօրենսդրական ակտերի մշակմանը և որոշումների մշակմանը մենք պատրաստակամություն ենք հայտնել, մենք ասելով նկատի ունեմ նաև իշխանությունը, նաև այս մեր սիրելի ուսանողներին [ընդգրկել]։

«Ազատություն». - Այսինքն այն առաջարկները, որոնք նրանք ունեն, դուք պատրա՞ստ եք այդ ենթաօրենսդրական ակտերով իրականություն դարձնել։

Շարմազանով. - Դա քննարկման առարկա է, քննարկումն էլ նրա համար է, որպեսզի նստեն և աշխատեն։

Նշենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էրհոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG