Մատչելիության հղումներ

Զինծառայության մասին օրենքի դեմ պայքարող ուսանողները հացադուլ և նստացույց են սկսել


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեմ դասադուլի միջոցով պայքարող ուսանողներից հինգն անցան պայքարի ծայրահեղ միջոցի․ փակվելով Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում երիտասարդները անժամկետ հացադուլ են հայտարարել:

Հացադուլավորների շարքում է նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը:

«Մենք փորձում ենք սրանով ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնով, իր խոսքով կարող է ազդեցություն ունենալ», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Պետրոսյանը: - «Անվստահության բարձր մակարդակ կա քաղաքացու՝ քաղաքացու նկատմամբ: Դրա համար մենք այս քայլին գնացինք հիմնականում ծառայած տղաներով: Հինգ հոգուց չորսը ծառայած ենք: Սրանով փորձում ենք ևս մեկ անգամ ապացուցել շարժման ազնվությունը, որ շարժումը արդարության համար է»:

Դավիթ Պետրոսյանը մեր հարցերին պատասխանում էր դռան հետևից, ասաց՝ որևէ պարագայում լսարանի դուռը չեն բացելու:

«Մենք սկզբունքայնորեն որոշել ենք, որ դուռը պետք է չբացվի հաշվի առնելով շատ հանգամանքներ․ չփորձեն մեզ դուրս հանել կամ ասեն՝ դադարեցրեք: Դրա համար որոշել ենք ոչ մի դեպքում դուռը չբացել: Եթե ինչ-որ մարդիկ ուզենան մեզ միանալ, նույնիսկ այդ դեպքում դուռը չի բացվելու», - պարզաբանեց նա:

Հացադուլ հայտարարած ուսանողները հիշեցնում են՝ խորհրդարանական հանձնաժողովը թույլ չտվեց, որ իրենք էլ մասնակցեն քննարկմանը և օրենքն առանց էական փոփոխությունների, զիջումների ուղարկեց լիագումար նիստի օրակարգ:

«Այս պահի դրությամբ հացադուլը անժամկետ է՝ կախված իրադարձությունների զարգացումից», - նշեց Դավիթ Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ գիշերելու են լսարանում, իրենց հետ տարել են ջուր, հեռախոսներ և դրանց լիցքավորիչներ, մեկ բարձ, երկու ներքնակ, ծխախոտ և թաց անձեռոցիկ: Հացադուլը կդադարեցնեն, երբ օրինագիծը կասեցվի:

Դավիթ Պետրոսյանը շեշտում էր, որ խնդիրը ոչ թ ուսանողների և Երևանի պետական համալսարանի ղեկավարության միջև է, այլ ուսանողների և իշխանությունների, մասնավորապես՝ Ազգային ժողովի: Այդուհանդերձ, պետհամալսարանի ղեկավար կազմը՝ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար, որ եկել էին Ֆիզիկայի ֆակուլտետ, պնդում էին, թե ակցիայի մասնակիցներն անցել են պայքարի անընդունելի միջոցների, խոչընդոտում են դասերը:

«Եթե մարդիկ կան, ովքեր սովորում են այդ լսարանում, Դավիթի ո՞ր իրավունքն է թույլ տվել, որ ինքը նման ձևով խանգարի մյուսների սովորելու իրավունքը իրացնելը», ֊ նշեց ռոկտոր Արամ Սիմոնյանը: ֊ «Դավիթը խոստացել էր, որ միայն խաղաղ ակցիաներ է իրականացնելու, բայց այս քայլով ինքը իր խոստումը չկատարեց», ֊ հավելեց ռեկտորը:

Միաժամանակ, սակայն, համալսարանի ղեկավարությունը վստահեցնում է, որ ուժի գործադրմամբ լսարանը չեն ազատելու: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տարածած հայտարարությամբ կոչ է արել զերծ մնալ գործընթացի հետագա «անօրինական զարգացումից», շուտափույթ ազատել ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը:

Հացադուլին զուգահեռ հենց հացադուլի լսարանի պատուհանի տակ ուսանողները նստացույց են անցում՝ զորակցելով ընկերներին: Նրանք մտադիր են գիշերել համալսարանի բակում՝ հսկելու, որ հացադուլի լսարան անվտանգության աշխատակիցներ կամ ոստիկաններ մուտք չգործեն:

Օրվա երկրորդ կեսին ակցիան տեղափոխեցին նաև խորհրդարանի առջև, երբ օրենքի նախագիծն էր քննարկվում:

Առաջին ընթերցմանը կողմ քվեարկած «Հանրապետական», «Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցություններից որևէ պատգամավոր ուսանողներին ընդառաջ չեկավ:

Նախագծին դեմ հանդես եկող միակ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը մոտեցավ ցուցարարներին՝ զորակցություն հայտնելու:

«Դահլիճում նստած՝ ականջակալ դրած հետևում էի, թե դուք ինչ եք անում, որովհետև համարում եմ սա ավելի կարևոր», ֊ ցուցարարներին ասաց Արամ Սարգսյանը:

Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG