«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի փաստաբանը` Մուշեղ Շուշանյանը, քիչ առաջ է դուրս եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ Կյուրեղյանը պատմել է, որ դատարանում ոստիկաններին իրեն այսօր ծեծի են ենթարկել:
Շուշանյանը պատմեց, որ տեսել է կապտուկներ իր պաշտպանյալի դեմքին: Այդ վնասվածքները, ըստ փաստաբանի, արձանագրել է նաև քրեակատարողական հիմնարկի բժիշկը:
«Միայնակ գայլ» մականունով հայտնի, «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր դատարանի նկուղում իր պաշտպանյալը ևս ծեծի է ենթարկվել: Խանդոյանին «Նուբարաշեն» քկհ-ում այցելելուց հետո փատաբանն «Ազատությանը» պատմեց, որ իր պաշտպանյալը կապտուկներ ուներ գլխին, ոտքերին և երիկամների շրջանում: Փաստաբանի հետ զրույցում Խանդոյանը պնդել է, որ ոստիկանները դատարանի նկուղում իրենից բացի ծեծի են ենթարկել Արեգ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին:
Այսօր ավելի վաղ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ քաշքշուկ էր տեղի ունեցել, երբ Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն հանձնել իր պաշտպան Արա Ղարագյոզյանին, որից հետո ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրել էին «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։
Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել: