Մատչելիության հղումներ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ՋԷԿ-ի նախկին աշխատակիցներն արգելափակել են գործարանի դարպասները


«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատակիցներն արդեն չորրորդ օրն է շուրջօրյա հերթապահություն են իրականացնում գործարանի մուտքերի մոտ՝ թույլ չտալով որևէ բեռնատար մեքենայի մտնել գործարանի տարածք ու այնտեղից որևէ գույք հանել:

Վեց տարի ի վեր աշխատակիցները պայքարում են իրենց 2011-2012 թվականների մի քանի ամիսների աշխատավարձը ստանալու համար: Գործարանը 153 աշխատողների 130 միլիոն դրամ է պարտք:

«Մենք մինչև վերջ պըտի գնանք: Թող իրանք իմանան, որ ստի ո՛չ մեքենա ա մտնելու, ո՛չ դուրս ա գալու․․․ Պարապուրդ չի էղել, որ ասենք ինչ-որ․․․ մարդիկ գիշեր-ցերեկ աշխատել են, որ էներգիա ստանան ածուխից: Վարկավորված ա էղել, պետությունը վարկը տվել ա, որ էդ փողը օգտագործվի աշխատավարձի նպատակով: Բայց չի օգտագործվել, մարդիկ գրպանել են», - ասաց բողոքավորներից մեկը:

«Ես իրանցից հո ողորմություն չեմ խնդրում, էդ իրանք են ինձանից ողորմություն խնդրում, ու իմ փողերովն են իրանց էսօր իրանց ընտանիքները պահում: Բայց ես ուզում եմ հետ ստանամ իմ փողերը, որ ես էլ իմ ընտանիքը պահեմ», - հավելեց մեկ ուրիշը:

Վեց տարիների ընթացքում ՋԷԿ-ի աշխատակիցները դիմել են մարզային իշխանություններին, վերջին երեք վարչապետերին, նախագահին: Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները հաճախ խորհուրդ են տվել բողոքի ցույց անող քիմպրոմցիներին դիմել դատարան և այդ ճանապարհով լուծել իրենց խնդիրը:

ՋԷԿ-ի աշխատակիցները դեռ 2012-ին դիմել էին դատարան, 2014-ին դատը շահել էին, բայց մինչև օրս նրանցից ոչ մեկի աշխատավարձը դեռ չի վճարվել:

Դատարանը սնանկ էր ճանաչել 2011 թվականին ՋԷԿ-ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերությանը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամի աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ ընկերությունը գույք չունի:

Նախատեսվում էր, որ «Ռեգիոն Էներջի»-ի սնանկացումից հետո աշխատողների պարտքը վճարելու է իրավահաջորդ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը, սակայն անցած տարի սնանկ ճանաչվեց նաև այս ընկերությունը:

Սնանկացած «Վանաձոր-Քիմպրոմ»-ը բազմաթիվ պարտքեր ունի կուտակած, իսկ պարտատերերի ցուցակում աշխատավարձի պարտքը ամենևին էլ առաջնահերթ չէ:

ՋԷԿ-ի նախկին աշխատողները թերահավատ են, թե մոտ ժամանակներում իրենց հերթը կհասնի․ - «Էդ հերթը կարա մի 40-50 տարի գնա․․․ Այսինքն էդ փողերը կմնա իրանց, տենց են պատկերացնում»:

Երկու ամիս առաջ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հորդորում էր աշխատակիցներին օրինական ճանապարհով իրենց խնդիրը լուծել՝ դիմում գրել, որպեսզի պարտատերերի ցուցակում իրենց առաջնահերթություն տրվի: Դրական տեղաշարժ դեռևս չկա: Ցուցարարները մտադիր են շարունակել հերթապահությունը այնքան ժամանակ, մինչև իրենց աշխատավարձի խնդիրը վերջնականապես չլուծվի:

XS
SM
MD
LG