«Վանաձոր Քիմպրոմ» ընկերության ջերմաէլեկտրակայանի շուրջ 2 տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտյան հավաքվել էին Լոռու մարզպետարանի առջև՝ պահանջելու դեռ 2011 թվականից չստացած 4-5 ամսվա աշխատավարձը:
Գումարը ստանալու համար գործարանի աշխատակիցները դատի էին տվել ջերմաէլեկտրակայանի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերությանը: Երկու տարի շարունակված դատական քաշքշուկներից հետո ի վերջո 2014 թվականին հայցը բավարարվել էր, սակայն մինչ այժմ դատարանի վճռով վճարման ենթակա գումարները ոչ մեկը չի ստացել:
«Դատարանը որոշել ա՝ հըլա տոկոսներն էլ հետը վճարի, բայց թե դատարանի որոշումը ոչ մեկը բանի տեղ չի դնում», - «Ազատության» հետ զրույցում պատմում էին ցուցարարները:
Անվտանգության ծառայության աշխատակից Էդիկ Ղուլինյանին ՋԷԿ-ը պարտք է շուրջ 600,000 դրամ: 61-ամյա տղամարդը տարիներ շարունակ այդ գումարը չի ստացել, բայց դեռ շարունակում է աշխատանքի գնալ․ վատառողջ կնոջ և երկու երեխաների հոգսը նրա ուսերին է: Գոյատևում են ամսական 36,000 դրամ թոշակով: Ասում է՝ հասանելիք աշխատավարձը ստանալու դեպքում կարևոր հարցեր կլուծեին, մինչդեռ այսօր պարտքով են գնում նույնիսկ առաջին անհրաժեշտության սննդամթերքը:
«Վախտին աշխատավարձ չեն տվել, դրա համար էլ ըսենց պարտքերը կուտակվել ա», - պատմում էր նա:
«Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատավարձի խնդիրը դեկտեմբերի կեսերին լուծվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո, բայց գործարանի կազմում գտնվող ՋԷԿ-ի կուտակած պարտքը մինչ օրս մնում է օդից կախված: Դատարանը սնանկ է ճանաչել սեփականատիրոջը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից գոյացած գումարով մարել աշխատավարձի 100 միլիոն դրամի հասած պարտքը: Այսօր, սակայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպումից պարզ դարձավ՝ դատարանի որոշումը հազիվ թե կատարվի, քանի որ սնանկացած ընկերությունը գույք չունի:
«Միակ տարբերակը մնում է, որ «Քիմպրոմ»-ի գույքի օտարումից ձեր աշխատավարձի պարտքը որպես առաջնահերթություն՝ տան: Ուղղակի գիտեք՝ «Քիմպրոմ»-ը ինչ մեծ պարտքեր ունի թե՛ «ՀայՌուսգազարդ»-ին, թե՛ էներգիայի պարտք, թե՛ քաղաքապետարանի գույքահարկ, հողի հարկ, թե՛ «Ռեգիոն Էներջի» աշխատավարձի պարտք: Ես չգիտեմ՝ ո՞րն է առաջնահերթություն», - ասաց մարզպետը:
Ցուցարարներն, ըստ էության, մեծ հույսեր չեն կապում նաև սնանկացած ընկերության իրավահաջորդ «Վանաձոր Քիմպրոմ»-ի հետ: Զայրացած վանաձորցիներին մարզպետն առաջարկեց նամակ գրել արդարադատության նախարարին, անգամ խոստացավ՝ այդ հարցում աջակցել: