«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները շուրջ 6 տարի է պայքարում են իրենց 2011-2012 թվականների մի քանի ամսվա աշխատավարձը ստանալու համար: Արդյունքի, սակայն, չեն հասնում:
Այսօր առավոտյան երեք տասնյակ աշխատակիցներ հավաքվել են գործարանի տարածքում և որոշել հերթապահություն իրականացնել, որպեսզի գործարանից որևէ գույք դուրս չտարվի: Այսպիսով անտեսված աշխատակիցները փորձում են իշխանությունների ուշադրությունն իրենց վրա հրավիրել:
«Պտի մնա էս ապրանքը տարածքում, որովհետև սա մեր քնտինքի արդյունքն ա, հըմի իրանք տանում են փող շինեն, մեզ կոպեկ չեն տալի: Վերջին հերթում մեզ փայ չի մնալու», - «Ազատությանն» ասաց աշխատակիցներից մեկը:
«Կարող ա իրանք լևի տանում ծախում, իրանց գրպաններն են բթում․․․ Իրավունք չունե՞նք էդ ապրանքից օգտվենք: Մեր էրեխեն լավը չի, իրանց էրեխեն լավն ա, հա՞», - հավելեց մեկ ուրիշը:
Նրանք դեռ 2012-ին դատական հայց են ներկայացրել ընդդեմ ՋԷԿ-ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերության: 2014 թվականին դատը շահել են, բայց մինչև օրս 153 աշխատողներից ոչ մեկն իր գումարը չի ստացել:
Դատարանը սնանկ է ճանաչել ընկերությունը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամի աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ ընկերությունը գույք չունի:
Վեց տարի շարունակ դիմել են հնարավոր բոլոր պետական մարմիններին՝ դատարանից մինչև երկրի նախագահ: ՋԷԿ-ի հուսալքված աշխատակիցներն այլևս չգիտեն, թե ինչ անեն․ - «Ոչ դատարան կամ, ոչ բան կա․․․ Արդեն պտի դիմենք երևի Թրամփին, կամ Պուտինին: Երևի էդ հարցերը լուծի: Ինձ թվում ա, ստեղ էդ հարցերը չեն լուծելու»:
Վերջին երեք վարչապետներին դիմած աշխատողները այդպես էլ դրական պատասխան չեն ստացել Կառավարության ղեկավարներից:
Մինչդեռ վստահ են, որ իրենց աշխատավարձի վճարումն ընդամենը ցանկության հարց է․ - «Սա շատ մանր հարց ա: Մի 100 միլիոն թե 60 միլիոն դրամը էս պետության համար ընդհանրապես խնդիր չի»:
Պատկան մարմիններին բազմաթիվ նամակներ ու դիմումներ գրած աշխատողները զավեշտալի են համարում այդ կառույցներից ստացված նույնատիպ խուսափողական պատասխանները․ - «Գրում ենք Արդարադատության մինիստրին, առողջապահությունից ա նամակ գալի մեզ․․․ Երևի ասում են՝ էս մարդիկ հիվանդ են, փող են ուզում, երևի գժվել են սրանք»:
«Ռեգիոն Էներջի»-ի սնանկացումից հետո նախատեսվում էր, որ աշխատողների պարտքը վճարելու է իրավահաջորդ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը, սակայն անցած տարի սնանկ ճանաչվեց նաև այս ընկերությունը:
ՋԷԿ-ի աշխատակիցների հետ այսօր հանդիպել են երկու ընկերությունների սնանկության գործով կառավարիչները: Մասնավորապես «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հորդորում էր աշխատակիցներին օրինական ճանապարհով իրենց խնդիրը լուծել՝ դիմում գրել, որպեսզի պարտատերերի ցուցակում իրենց առաջնահերթություն տրվի: