«Վանաձոր Քիմպրոմ»-ի ջերմաէլէկտրակայանի աշխատողներն այսօր նամակ հանձնեցին աշխատանքային այցով Լոռու մարզ մեկնած վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով անձամբ զբաղվել իրենց հարցով: Պարբերաբար բողոքի ցույցեր անցկացնող քիմպրոմցիները պահանջում են մարել իրենց՝ դեռևս 2011 թվականից մնացած աշխատավարձի պարտքը:
Աբրահամյանը քիմպրոմցիներին լսելուց հետո հստակ ոչինչ չասաց, միայն հայտարարեց, թե խնդիրը կքննարկեն մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, որից հետո էլ կորոշեն անելիքները: Ջէկ-ի աշխատողները նույն խնդրով վարչապետին նաև երկու տարի առաջ էին դիմել ու դարձյալ վերջինիս՝ Վանաձոր կատարած աշխատանքային այցի ժամանակ: Փաստորեն, վարչապետը վանաձորցիներին այս անգամ էլ տվեց ճիշտ նույն անորոշ պատասխանը, որ տվել էր երկու տարի առաջ:
Հինգ տարի շարունակ իրենց աշխատավարձը պահանջող Ջէկ-ի աշխատողներն, այդուհանդերձ, ակնկալում են, որ վարչապետը մեկ շաբաթվա ընթացքում կլուծի իրենց խնդիրը: Կարծում են՝ նրա համար այդ խնդրին լուծում տալը մեծ դժվարություն չէ: «Մի մեծ գումար էլ չի, կարող ա հենց ջեբում լիներ, հաներ տար»,- հեգնեց աշախատողներից մեկը:
Ջէկ-ի տնօրեն Էդիկ Հունանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ջերմաէլէկտրակայանի աշխատողները «մշտապես օրենքի շրջանակում են ցույցեր արել»: Բայց և հավելեց՝ եթե այս անգամ էլ որևէ տեղաշարժ չլինի, ավելի կտրուկ քայլերի կդիմեն: «Հույս ունենք, որ մեր խնդրով էս անգամ լրջորեն կզբաղվեն․․․եթե սրանից հետո էլ ոչ մի արձագանք չեղավ, կարծում եմ՝ որ մարդիկ ինչ-սահմաններ անցնեն, ոչ մեկին չի կարելի մեղադրել»,- ասաց Հունանյանը:
Քիմպրոմցիները դեռ 2012-ին դատի էին տվել Ջէկ-ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերությանը: 2014 թվականին դատը շահել էին, բայց մինչ օրս 153 աշխատողներից ոչ մեկն իր գումարը չի ստացել: Դատարանը սնանկ էր ճանաչել ընկերությանը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամի աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ ընկերությունը գույք չունի: