Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանիի» հայցը կքննվի արագացված դատաքննությամբ


Դատական ակտը կհրապարակվի մայիսի 31-ին:

Վարչական դատարանն այսօր որոշեց արագացված դատաքննությամբ քննել «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը: Հայցվոր կողմը այս որոշումից հետո դատարանում իր ապացույցները հրապարակայնորեն ներկայացնելու հնարավորություն չի ունենա։

Պաշտոնական արդյունքներով Երեւանի ավագանիում 5 մանդատ ստացած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Վարչական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումները և նշանակել Երևանի ավագանու նոր ընտրություններ։

Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ասում էր, որ ներկայացնելու է հայցադիմումը, և խնդրեց դատարանին չընդհատել, երբ նախագահող Կարեն Զարիկյանը հրապարակեց դատարանի որոշումը:

«Վարչական դատավարության օրենսգրքի» համաձայն, արագացված դատաքննությունը կիրառվում է այն դեպքերում, երբ հայցն ակնհայտ հիմնավոր է կամ ակնհայտ անհիմն։

«2017 թվականի ապրիլի 13-ի երեկոյան ժամերին և ամբողջ գիշերը տեղեկացրել ենք, որ ընտրատեղամասերում բացակայում են այն չհրկիզվող պահարանները, տեղի է ունեցել չհրկիզվող պահարանի գողություն, բացվել է պահարանը, և այնտեղից հավանաբար անհետացել են նաև քվեաթերթիկները: Այս բողոքին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան ընթացակարգով չի արձագանքել: Ինչո՞ւ չի արձագանքել․․․ Որովհետև խնդիր ուներ օգնելու Սերժ Սարգսյանին, Հանրապետական կուսակցությանը շարունակել պահել բռնազավթված իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին», - նշեց Զարուհի Փոստանջյանը:

Արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդությամբ այսօր հանդես եկավ նաև ԿԸՀ-ի ներկայացուցիչը՝ կարծիք հայտնելով, թե հայցը ակնհայտ անհիմն է: Հանձնաժողովի ներկայացուցչի միջնորդությանը միացավ նաև դատարանում ՀՀԿ ներկայացուցիչ Զավեն Առաքելյանը, ով, ի դեպ, Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ղեկավարն է:

«Ակնհայտ է, որ այստեղ տեղի է ունենում հայցվորի ներկայացուցիչները ակնհայտորեն խախտում են կամ չարաշահում են իրենց իրավունքները: Եվ նպատակը բացառապես, իմ կարծիքով, ոչ թե բուն հայցապահանջի կամ բուն ինքնաբացարկի, ինչ որ երեք կետերով ներկայացվեց, այդ խնդիրը ներկայացնել է, այլ ժամանակ շահել, խեղաթյուրել իրականությունը», - ասաց Առաքելյանը:

Դատավորը տեղեկացրեց, որ դատական այսօրվա նիստի մասին ծանուցվել էր նաեւ Երեւանի ավագավու վերջին ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքը,սակայն դաշինքի ներկայացուցիչներից որեւէ մեկը չմասնակցեց դատավարությանը:

Մոտ 4 ժամ տևած դատական նիստը ընդմիջվեց մի քանի անգամ: Նախ Զարուհի Փոստանջյանի բացման խոսքի ժամանակ, երբ դատարանը ընդհատեց «Երկիր Ծիրանիի» ղեկավարին, և նրա կողմնակիցներն ընդվզեցին: Դատարանը փորձեց դուրս հրավիրել «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներից Ստելլա Աղաջանյանին: Նա հրաժարվեց դուրս գալ դատարանի դահլիճից: Դատավորներն իրենք դուրս եկան՝ միայն վերադառնալուց հետո պարզաբանելով, թե ներկաներից մեկը, նկատի ունեին Աղաջանյանին, խոչընդոտում էր դատական նիստը:

Ընդմիջման ընթացքում վարչական դատարանի ստորաբաժանման աշխատակիցները՝ ղեկավարի գլխավորությամբ էին փորձում դուրս բերել Ստելլա Աղաջանյանին: «Երկիր Ծիրանիի» անդամները, նրանց հետ նաև կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը թույլ չէին տալիս կարգադրիչներին նրան մոտենալ: Սկսվեց քաշքշոց, կին կարգադրիչները հեռացրեցին «Երկիր Ծիրանիի» անդամներից Սեդա Մելքիյանին, բայց Ստելլա Աղաջանյանը մնաց նիստերի դահլիճում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատարանին։ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «դատարանը կաշկանդված է Բաղրամյան 26-ի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանով»։ Նա սկսեց ընթերցել Սերժ Սարգսյանի կենսագրությունը։ Դատարանը ընդհատեց Փոստանջյանին՝ ասելով, որ «Սերժ Սարգսյանի կենսագրությունը դատավորի ինքնաբացարկի միջնորդության հետ կապ չունի»։ Հորդորեց քաղաքական հայտարարություններ չանել, ասաց՝ «դատարանում միայն իրավական հարցեր են քննարկվում»։ Խորհրդակցելով՝ դատարանը մերժեց միջնորդությունը։

Ի դեպ, ԿԸՀ ներկայացուցիչ Արմեն Սմբատյանն էլ միջնորդեց, որ դատական նիստի նկարահանումը դադարեցվի՝ փաստարկելով․ - «Որովհետև դա նպաստում է քաղաքական և քաղաքագիտական ելույթներ լսելու, և ոչ թե իրավական փաստարկներ և մեկնաբանություններ»: Դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց:

Զարուհի Փոստանջյանը դատարանից սպասելիք չունի․ - «Անօրեն որոշում կայացվեց անցկացնել արագացված դատաքննություն: Այդ որոշումն արդեն իսկ ապօրինի է, խոսում է այն մասին, որ նրանք այլ կերպ կերպ հնարավորություն չունեն արձագանքելու մեր բողոքին: Եվ հետևաբար նրանք չեն կայացնելու արդար դատական ակտ, այլ նրանք կայացնելու են ապօրինի, ակնհայտ անարդար դատական ակտ, որը, իհարկե, մենք կվիճարկենք: Խնդիրը ամբողջ նրանում էր կայանում, որ նրանք չէին ցանկանում, որ այս ամենը հեռարձակվեր: Եբր հեռարձակվում է, և դու ներկայացնում ես ապացույցներ, հիմնավորում ես հայցիդ պահանջը և ներկայացնում ես հայցիդ առարկան, ապա իրենց համար սա․ իհարկե, վտանգավոր է»:

XS
SM
MD
LG