Ընտրողների մեծամասնությունը՝ 71, 25 տոկոսը քվեարկել է հօգուտ իշխող Հանրապետականի, որի քաղաքապետի թեկնածուն 2011 թվականից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է: Ընտրողների 21 տոկոսը ձայն է տվել «Ելք» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: 7,75 տոկոսն էլ քվեարկել է Զարուհի Փոստանջյանի՝ վերջերս հիմնադրած «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին: Եթե նախնական արդյունքները լուրջ փոփոխությունների չենթարկվեն, ապա մայրաքաղաքի 65 հոգանոց ավագանիում Հանրապետականը կունենա 46, «Ելք»-ը 14, իսկ «Երկիր Ծիրանին» 5 մանդատ:
Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի հաջորդ շաբաթ, մինչ այդ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խուսափում է հավելյալ մեկնաբանություններից․ «Մենք հաշվարկ չենք իրականացրել շատ պարզ պատճառով՝ որովհետև մինչև ընտրությունների վերջնական ամփոփումը կա ժամկետ, այդ ժամկետը նախատեսված է դիմում-բողոքներ ներկայացնելու, գրանցամատյաններում կատարված գրառումներն ուսումնասիրելու և դրանցով համապատասխան որոշումներ կայացնելու համար: Երբ վերջնական արդյունքների արձանագրությունը կկազմվի, այդ ժամանակ արդեն, համապատասխանաբար, նաև մանդատների բաշխումը կիրականացվի»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Ավագանու այս ընտրություններում համեմատաբար ցածր էր մասնակցությունը․ եթե 2013 թվականին ընտրության էր գնացել գրեթե 440 հազար քաղաքացի՝ ընտրողների 53,5 տոկոսը, ապա այս անգամ քվեարկության մասնակիցների թիվը գրեթե 92 հազարով պակաս է եղել՝ ավելի քան 800 հազար ընտրողների միայն 41 տոկոսն է քվեարկել: Մուկուչյանը սա կապում է ընտրություններին միայն երեք քաղաքական ուժի մասնակցության հետ․
«Դա, իհարկե, իր ազդեցությունը կարող էր ունենալ, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, ըստ էության, գալիս են ընտրական տեղամասեր, բացառապես ելնելով այն հանգամանքից, թե որքանով են վերջիններս ցանկանում իրենց քվեն տալ այս կամ այն կուսակցությանը: Կարծում եմ՝ այդ գործոնը ևս ունեցավ բավական որոշիչ ազդեցություն, կապված մասնակցության թվի հետ»:
Արդյո՞ք Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրությունները, հարցրինք Մուկուչյանին: Ընտրակաշառքի բաժանման ահազանգերի հետքերով Փոստանջյանը երեկ Ավան թաղամասում գտնվող ՀՀԿ շտաբերից մեկն էր մտել, սակայն, ոստիկանները Ազգային ժողովի պատգամավոր և քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին ու վերջինիս դստերը բռնությամբ դուրս էին հանել շտաբի տարածքից: Գործադրված բռնության հետևանքով Փոստանջյանի դուստրը հայտնվել էր հիվանդանոցում՝ ուղեղի ցնցումով:
«Ես կարծում եմ՝ ոչ, չի ստվերի: Խնդիրը հետևյալն է․ ընտրական գործընթացը երբևէ չպետք է դիտել, սա ես բազմիցս եմ ասել, որպես մինապատված դաշտ, երբ մեկ քայլ աջ, կամ մեկ քայլ ձախ, տեղի է ունենում անդառնալի կորուստ: Համենայն դեպս, դա մի միջադեպ էր, որը տեղի ունեցավ տեղամասային կենտրոններից դուրս: Նման միջադեպեր գուցե օրվա ընթացքում նաև այլ քաղաքացիների միջև էլ է տեղի ունեցել, բայց ընդհանուր առմամբ, երբ մենք նայում էինք ընտրական գործընթացը, որը տեղի էր ունենում տեղամասային կենտրոններում, իսկ դրան կարելի էր հետևել նաև ուղիղ հեռարձակման միջոցով, ես կարծում եմ՝ յուրաքանչյուրը կարող է էդ ամեն ինչին հետևել ու ինքը իր համար աներ դատողություններ, իսկ հետևելով այդ ամենին, մեր դատողությունը մեկն է՝ որ ընտրական գործընթացը ընթացավ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- պարզաբանեց ԿԸՀ ղեկավարը: